Ռուսաստանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ընդգրկել ԱՄՆ 18 քաղաքացու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ`Ռուսաստանի ԱԳՆ-ը, ի պատասխան ամերիկյան «Մագնիտսկու ցուցակի», իր կայքում հրապարակել է ԱՄՆ-ի 18 քաղաքացիներից բաղկացած ռուսական ցուցակը, որոնց արգելվել է մուտք գործել Ռուսաստան:
Ռուսական ցուցակում ընդգրկվել են այն անձինք, ովքեր մասնակից են Գուանտանամոյի հատուկ բանտում մարդկանց հանդեպ կիրառված կտտանքներին, ինչպես նաև նրանք, ովքեր մասնակից են արտասահմանում ռուս քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտմանը:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» շրջանակներում Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ վիզային ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանելու կապակցությամբ: Նա հավելել է, որ դա վնասում է երկկողմանի հարաբերություններին և փոխադարձ վստահությանը: