Ռամզան Կադիրովն ընդգրկվել է «Մագնիտսկու ցուցակի» գաղտնի մասում. մամուլ
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ`ԱՄՆ ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկվել է 18 մարդ: Այդ ցուցակում հայտնվել են Ռուսաստանի իրավապահ մարմինների ու դատական համակարգի գործող ու նախկին աշխատակիցներ:
Նրանց կասկածում են Ռուսաստանում մարդու իրավունքները խախտելու մեջ, ինչի համար էլ նրանց հանդեպ սահմանվել են պատժամիջոցներ: Մասնավորապես, արգելվել է նրանց մուտքը ԱՄՆ: Համարվում է, որ այդ անձինք մասնակից են իրավաբան Յուրի Մագնիտսկու սպանությանը: Այդ ցուցակը պատրաստվել է 2012 թվականի վերջին:
ԱՄՆ պետդեպարտամենտում եղած աղբյուրը հայտնել է, որ հրապարակված ցուցակից բացի առկա է նաև փակ, գաղտնի ցուցակ, որը չի հրապարակվել: Նշվում է, որ «Մագնիտսկու ցուցակի» գաղտնի մասում հայտնվել է նաև Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:
«Մագնիստսկու ցուցակի» առաջին տարբերակը կազմվել է 2010 թվականին ԱՄՆ սենատի անդամ Բենջամին Կարդինի կողմից: Դրանում ընդգրկվել էր 60 մարդ: Ավելի ուշ Սպիտակ տանն առաջարկեցին ցուցակում ներառել 240, ապա նաև 280 ռուս քաղաքացիների:
Սակայն Բարաք Օբամայի վարչակազմը պնդեց, որ պատժամիջոցներ կիրառվեն միայն նրանց նկատմամբ, որոնց կապը Մագնիտսկու սպանության հետ ապացուցված է անհերքելի ու ծանրակշիռ ապացույցներով:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մագնիստկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը: Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը: