Ի՞նչ ծախսի տակ է պատրաստվում ընկնել ԲՀԿ-ն

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը երեկ «Հ2» հեռուստաընկերության հյուրն էր։ Ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ԲՀԿ-ն, ինչպես նախկինում, այս անգամ էլ մեծ ռեսուրսներ է ծախսում ընտրարշավի վրա: Լրագրողի այս հարցին, որն ընտրակաշառքին վերաբերող թափանցիկ ակնարկ էր, Գ.Արսենյանը պատասխանեց այնպես, ինչպես պետք է պատասխաներ։

Նա նշեց, որ ԲՀԿ-ում ընդգրկված են ֆինանսական մեծ հնարավորություններ ունեցող անձինք, սակայն իրենք ամեն ինչ իրականացնում են օրենքի սահմաններում։

Ասել է թե՝ փող ունեն, բայց կաշառք չեն բաժանում։ Սակայն խոսակցության շարունակությունն արդեն, մեղմ ասած, հետաքրքիր էր։ Գ.Արսենյանը ֆինանսական հնարավորությունների թեմայից սահուն անցում կատարեց ընտրություններում հաղթելու հնարավորությանը և արդեն ցանկանում էր խոսել այն մասին, թե հաղթելուց հետո ինչպես են սկսելու փոխել…

Սակայն հաղորդավարը նրան ընդհատեց հետևյալ արտահայտությամբ՝ «հաղթեք՝ ընկնելու եք ծախսի տակ»։ Գ.Արսենյանն էլ զարմանալիորեն համաձայնեց՝ այո, ծախսի տակ ենք ընկնելու։ Ու մինչ հեռուստադիտողը մտածում էր՝ ի՞նչ կապ ունի ծախսի տակ ընկնելը հաղթելու հետ, Գ.Արսենյանը միտքը շարունակեց՝ նշելով, որ իրենք դա անելու են իրենց քաղաքի համար, ժողովրդի համար, և այլն։

Կարդացեք նաև

Այսինքն, Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ քաղաքապետի պաշտոնը ստանալու դեպքում ԲՀԿ-ն քաղաքի վրա ծախսելու է իր շարքերում ընդգրկված մեծահարուստների փողերը։ Չեն խնայելու, չէ՞ որ հարազատ Երևանի և երևանցիների համար է։ Իհարկե, միայն հաղթելու պարագայում. չէ՞ որ գործարարները հենց այնպես ոչինչ չեն անում։

Տեսանյութեր

Լրահոս