Մենք ցանկանում ենք վերջ դնել ԼՂՀ-ի մեկուսացմանը. ֆրանսիացի պատգամավոր

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլուանը հոդված է հրապարակել Le Huffington Post թերթում, որում անդրադարձել է այս տարվա մարտի վերջին «ԼՂՀ-ի հետ բարեկամության շրջանակի» ստեղծման պատճառներին:

Հիշեցնենք, որ այդ կազմակերպության կազմի մեջ են մտել ֆրանսիացի ազդեցիկ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև խորհրդարանի երկու պալատների (Սենատ և Ազգային ժողով) պատգամավորներ, գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ և այլք: Իրենց ուղերձում նրանք կոչ են արել պաշտպանել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը:

Այս կապակցությամբ Ֆրանսուա Ռոշեբլուանն իր հոդվածում գրում է. «Լեռնային Ղարաբաղ անվանումը հավանաբար ոչինչ չասի մեր համաքաղաքացիներին: Սակայն հենց այստեղ՝ Կովկասի անհայտ և մոռացված վայրում, 25 տարի առաջ ծնվեց հույսի ու ազատության ժողովրդական շարժումը, որը հանգեցրեց նախկին Խորհրդային Միության փլուզմանը:

Այդ ժամանակից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղն անցել է բազում փորձությունների միջով: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին աջակցելու, Ֆրանսիայի դիրքորոշումը հնչեցնելու և ողջ տարածաշրջանում ժողովրդավարական անցումային գործընթացին զարկ տալու համար մենք՝ ֆրանսիական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, որոշում ընդունեցինք ստեղծել «ԼՂՀ-ի հետ բարեկամության շրջանակ»:

Այն բաց է բարի կամքով բոլոր մարդկանց, բոլոր քաղաքական գործիչների համար, ովքեր մեր նման համոզված են, որ միջազգային արդարության ու տարածաշրջանային անվտանգության լավագույն երաշխիքը ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքն է:

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ազատությունը ներկայացնում է անկախության համար շարժման միայն վերջին օրինակը, որը վերջին մեկ քառորդ դարում հանգեցրել է ավելի քան 10 նոր պետությունների ի հայտ գալուն: Իսկ Լիտվայի խորհրդարանում ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծումը վկայում է այդ նոր ժողովրդավարության հանդեպ միջազգային հանրության համակրանքի մասին:

Մեր առաջադրանքները հստակ և թափանցիկ են: Մենք ցանկանում ենք ներդրում ունենալ ողջ տարածաշրջանում արդար և ամուր խաղաղության հաստատման գործում: Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը վերստին դառնա հուսալի, բարգավաճ ու դինամիկ առևտրի գոտի:

Նա անկասկած արժանի է դրան, քանի որ գտնվում է Եվրոպայի, Ռուսաստանի ու Մերձավոր Արևելքի խաչմերուկում: Մենք ցանկանում ենք վերջ դնել այն մեկուսացմանը, որում արդեն 22 տարի գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, և նրան դարձնել տարածաշրջանային զարգացման նախագծերի մասնիկը՝ Հարավային Կովկասի մյուս ազգությունների հետ մեկտեղ:

Մենք համոզված ենք, որ այդ նպատակներին հասնելն անհնար է առանց երկխոսության, վստահության վերականգնման ու տարածաշրջանի բոլոր երկրների հասարակություններում արդարության ու ժողովրդավարության արժեքների տարածման: Հուսով ենք, որ Ֆրանսիան Կովկասին կբերի խաղաղություն և նոր հույս»:

Տեսանյութեր

Լրահոս