Րաֆֆի Հովհաննիսյանը՝ վարչապե՞տ

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր Մոսկվա կատարած՝  խորհրդավորության քողով պարուրված այցի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել: Գրեթե բոլոր մեկնաբանությունների հիմքում ընկած է իրավիճակը համեմատաբար ստանդարտ ընկալումներով գնահատելու մոտեցումը: Սակայն Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը հագեցած է այնքան հարցականներով, որ առնվազն չպետք է բացառել առաջին հայացքից նույնիսկ անհավանական թվացող զարգացումները:

Անկախ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքից, ակնհայտ է, որ ապրիլի 9-ից հետո նրա մոսկովյան այցը որոշակի բանական բացատրություն և պատճառ, ինչպես նաև՝ հիմնավորում պետք է ունենա: Հենց այդ բացատությունն է, որ գուցե պետք է փնտրել ստանդարտ ընկալումների տիրույթից  դուրս:

Ինչո՞ւ կամ «ինչի՞ ետևից» Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր մեկնել Մոսկվա: Նա հայտարարել է, որ գնում է Մոսկվա՝ բերելու «ժողովրդի հաղթանակը»: Մտածել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայից վերադառնալու է Հայաստանի Հանրապետության «նախագահի կնիքով», իհարկե, լուրջ չէ: Հատկապես, որ Հայաստանի նախագահի հնարավոր հավակնորդներն ավանդաբար Մոսկվա են մեկնում ոչ թե ընտրություններից հետո, այլ դրանից առաջ: Այդ դեպքում, եթե ոչ՝ նախագահի պաշտոնը, ապա ի՞նչը կարող է համարվել կամ որակվել՝ որպես «ժողովրդի հաղթանակ»:

Հայկական «պետականաշինության» ավանդույթների պատմությունը ցույց է տալիս, որ նախագահի ընտրություններից հետո, որպես կանոն, Մոսկվա են մեկնում վարչապետի պաշտոնում նշանակվելու «համաձայնություն» ստանալու, կամ, որ գրեթե նույնն է՝ այդ կարգավիճակում ներկայացվելու համար:

Այսինքն՝ առնվազն չպետք է բացառել, որ իրականում Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնել՝ որպես վարչապետի թեկնածու: Որպես ներքին և արտաքին քաղաքական դաշտերում ձեռք բերված կոմպրոմիսային թեկնածու: Կրկնում ենք, հաշվի առնելով վերջին օրերի, նաև ամիսների իրադարձությունները, վերը նշված տարբերակն անիրական է թվում: Սակայն Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակը (որը, անկախ տարբեր գնահատականներից, ճգնաժամային է) պահանջում է ոչ ստանդարտ լուծումներ:

Համենայնդեպս, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ստանդարտ լուծումներ չեն գտնվում: Այդ առումով Րաֆֆի Հովհաննիսյանի վարչապետությունը կարող է դառնալ ամենաօպտիմալ տարբերակը:

Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱՄՆ նախկին քաղաքացի լինելը, ընդհանրապես նրա «ամերիկյան բրենդը» շատերի մոտ տպավորություն է թողնում, թե նա միարժեքորեն մերժելի գործիչ է ռուսական իշխանության համար: Սակայն դա մակերեսային, շատ մակերեսային ընկալում է, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումները սկզբունքային հարցերում միանգամայն տեղավորվում են ռուսական երկարաժամկետ քաղաքականության տրամաբանության մեջ:

Խոսքը Հայաստանի ու տարածաշրջանում ռուսական շահի համար կարևորություն ներկայացնող երկու հարցերի մասին է. հայ-թուրքական հարաբերություններ և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում: Երկուսի դեպքում էլ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումները խիստ տարբերվելով արևմտյան  մոտեցումներից՝ գրեթե նույնական  են ռուսական կողմնորոշման հետ:

Տեսանյութեր

Լրահոս