
Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ ԳՄ նիստը. Բուզանդի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀԿ-ի մոտ

Քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին ներկա է լինելու նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այս պահին Մելիք Ադամյան փողոցում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ ՀՀԿ-ականները սպասում են Սերժ Սարգսյանի ժամանմանը:
Սերժ Սարգսյանին և ԱԺ նախագահ Հովւկ Աբրահամյանին են սպասում նաև Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչներ, ովքեր, 168.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ցանկանում են հանդիպել Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ նրանց՝ խոստացել է պատասխանել իրենց հուզող հարցերին: Նրանց փոխանցմամբ՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է լուծել իրենց բնակարանների հարցը, և որպես փոխհատուցում իրենց բնակարաններ տալ հենց Բուզանդի փողոցում: Սակայն, նրանց ասելով՝ իրենց այսօր հրավիրել են «Գլենդել Հիլզ»-ի գրասենյակ՝ առաջարկելով բնակարաններ Գինու գործարանի հարևանությամբ, ինչին իրենք համաձայն չեն:
Այս պահին ոստիկանները փորձում են նրանց հեռացնել ՀՀԿ գրասենյակի տարածքից, սակայն նրանք չեն հեռանում՝ բացականչելով «նա-խա-գահ, նա-խա-գահ»: