Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունն այսուհետև ավելի ցածր է լինելու

«Իմ կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունը, որպես ընդդիմադիր շարժումը տանող, այսուհետև ավելի ցածր է լինելու և ավելի կարևոր է լինելու ավելի շատ ուժեր, մասնակիցներ ներառող կոլեկտիվ պատասխանատվություն կրող մարդկանց դերակատարությունը»,- երեկ «Մեդիա կենտրոնում»` նախօրեին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների թեմայով հրավիրված քննարկմանն ասաց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հեռանալուց հետո Բաղրամյան պողոտայում նստացույցի կոչ էր արել, ինչից հետո բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից:

Այս տեսակետն Անդրիաս Ղուկասյանը հայտնեց ի պատասխան դիտարկմանը, թե նրա խոսքում զգացվում էր «ցտեսություն, Րաֆֆի Հովհաննիսյան» երանգը: Այսպիսի եզրահանգմանը լրագրողը եկել էր Անդրիաս Ղուկասյանի հետևյալ դիտարկումից:
«Երեկվա երթը ցույց տվեց, որ կարգադրիչներ չկային, և շատ հանրահավաքների համար կարևոր շատ բաղադրիչներ չկային: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր գործողությունները պլանավորում է իր ռեսուրսների շրջանակներում, և այսքանն է նրա շրջանակը,- ասաց Ղուկասյանը և ավելացրեց, – Ես շնորհակալ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա այս 50 օրվա ընթացքում կարողացավ սպասարկել բողոքական ձգտումները: Այս մակարդակը եղել է իր կարողությունների մաքսիմումը, և համարում եմ, որ մենք պիտի դա արձանագրենք և շարժվենք առաջ, ոչ մի ողբերգություն չկա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի արդարացրել մեծամասնության սպասումները, որոնք ուզում էին տեսնել ավելի կազմակերպված, ավելի գրագետ, ավելի միավորող շարժում»:

Մյուս կողմից` Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, թե ինքը Բաղրամյան պողոտայում արել է այն, ինչ կաներ ցանկացած քաղաքացի կամ նույնիսկ լրագրող, և փորձել է կազմակերպել ինքնաբուխ շարժում, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա կողմnակիցներն այնտեղ չէին: Եվ միաժամանակ չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ ինքն այդ պահին փոխարինել է Րաֆֆի Հովհաննիսյանին և գլխավորել է ընդդիմությունը:

Իսկ մինչ այդ Անդրիաս Ղուկասյանը պարզաբանել էր, թե ի՞նչ է երեկ տեղի ունեցել: «Երբ ես հասկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և իր քաղաքական թիմը հեռացել են Բաղրամյան պողոտայից, և երթի մասնակիցների մեծ մասը չեն հետևել և նույնիսկ չեն լսել իրենց կոչին` փոխել ուղղությունը և գնալ դեպի Ծիծեռնակաբերդ` Սարյան փողոցով, բնականաբար, գտնվում էի Ոստիկանության և քաղաքացիների բախման առաջին գծում, ընդունեցի որոշում, որ իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը այս ինքնաբուխ տեղի ունեցող միջոցառման համար և իրազեկեցի այդ մասին քաղաքացիներին և Ոստիկանությանը»,- ասաց Ղուկասյանը:

«Առաջարկեցի քաղաքացիներին անել նստացույց, մինչև որ Ոստիկանությունը չբացի ճանապարհ` դեպի Բաղրամյան 26, որտեղ հնարավորություն կտրամադրվի շարունակել նստացույցը և քաղաքացիների բողոքը մատուցել երկրի իշխանությանը»,- ավելացրեց նա: Միաժամանակ նշեց, որ, իր կարծիքով, քաղաքացիների պահանջն օրինական էր, քանի որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանափակում է ոստիկանների գործողությունները, իսկ Ոստիկանության որոշումը` ցրել երթի մասնակիցներին, համարեց ոչ օրինական և սխալ: Նա սխալ որոշում համարեց նաև իրեն բերման ենթարկելը Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժանմունք, քանի որ, ըստ նրա, ինքն այդ պահին կարողանում էր որոշ չափով կառավարել այդ ինքնաբուխ իրադրության մեջ գտնվող քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, երբ երեկոյան Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ գնում է Բաղրամյան 26, և հազարավոր կողմնակիցների հետ միասին շարժվեց առաջ, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանց դիմավորեց ոստիկանական զորքերից կազմված հոծ պատնեշ, ինչի արդյունքում տեղի ունեցան բախումներ:

Ըստ Ա.Ղուկասյանի` ապրիլի 9-ի նախադեպն այն է, որ երիտասարդությունը հայտարարեց, թե հոգնել է լիդերներից, և փորձեց պատասխանատվությունը վերցնել իր վրա, ոչ թե փորձեց սպասել Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձին, իսկ մինչ այդ, ինչպես ինքն արտահայտվեց, սպասում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գա, և այլն:
«Երեկ Բաղրամյան պողոտայում կար 3000 մարդ, Ոստիկանությունն ուժ չգործադրեց, մեկուսացրեց լիդերին, մեկուսացրեց պատասխանատուին, ստեղծեց անկառավարելի վիճակ: Դա հասկանալի վարքագիծ էր. ժամանակ շահեց` մարդկանց ցրելու համար: Օպերացիայում ընդգրկված էին 7-8 հազար ոստիկաններ, և ակնհայտ էր, որ այդ քաղաքացիները որևէ ճնշում չեն կարող գործադրել: Եթե լիներ 30.000, բնականաբար, Ոստիկանությունը կկիրառեր ուժ, եթե լիներ 50.000, Ոստիկանությունը կկրակեր և մարդ կսպաներ, եթե լիներ 100.000, Ոստիկանությունն ամբողջ կազմով կանցներ հանրության կողմը»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ քաղաքական գործիչները` իրենց ծրագրերը կառուցելիս, պետք է հաշվի առնեն այդ սանդղակը:

«Գործ ունենք մի ռեժիմի հետ, որն անվանում ենք կրիմինալ օլիգարխիա, այսինքն` կազմակերպված հանցավոր խմբերը վերահսկում են պետական մարմինները: Բնականաբար, հակակրիմինալ հեղափոխությունը կարող է իրականացվել մի շարք պայմաններում, երբ դա ամբողջ հանրության կամքն է, և իրավական հիմքեր են ստեղծվում ուժ գործադրելու համար, և կան քաղաքական ուժեր, որոնք կարող են այդ անցումային շրջանը կառավարել այնպես, որ մեր երկրի արտաքին և ներքին անվտանգությունը չտուժի»,- ավելացրեց նա:

Ըստ Անդրիաս Ղուկասյանի` Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ չկար վստահություն, որ նա կարող է այդ անցումային շրջանը կառավարել, իսկ քաղաքական դաշտում չեղավ միավորում նրա շուրջը:

Քննարկմանը ներկա մյուս բանախոսը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ավելի շատ խոսեց խնդրի իրավական կողմի մասին` փորձելով ներկայացնել ապրիլի 9-ին Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը: Ա.Իշխանյանը նշեց, որ ֆիքսել է մի քանի դեպք, երբ, իր պատկերացմամբ, խախտվել է օրենքի համաչափությունը:

«Համաչափության խախտման տեղերից մեկն այն էր, երբ Բաղրամյանի սկզբում` մոմավառության ժամանակ, մի քանի մոմեր են շպրտվել դեպի Ոստիկանության կողմը, իսկ Ոստիկանության կողմից շատ սուր, սեռական բնույթի հայհոյանքներ են եղել: Սա արդեն համաչափության հստակ անցում է»,- ասաց նա:
Հաջորդ խախտումը, ըստ նրա, ակտիվիստներին շատ կոպիտ ձևով բերման ենթարկելն էր և նաև Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը, թե բերման է ենթարկվել միայն մեկ քաղաքացի, իսկ մյուսները հրավիրվել են Ոստիկանություն: «Իրականում բոլորը բերման են ենթարկվել, և բավական կոպիտ է դա եղել»,- նշեց նա:
Իսկ թե որքանո՞վ էր համաչափ ընդհանրապես ակտիվիստներին բերման ենթարկելը, ըստ իրավապաշտպանի` առանձին դիտարկման հարց է:

Իսկ համաչափության երրորդ խախտումը, ըստ Ավետիք Իշխանյանի, հետևյալն է. «Անկախ հավաքի բնույթից` դա իրազեկված է, արգելված, ինքնաբուխ է թե շտապ հավաք է, եթե այն խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իրավունք չունի միջամտելու»:

«Բայց կա մյուս կողմը. անկախ մեր վերաբերմունքից` այն ժամերին, երբ տեղի էր ունենում նախագահի երդմնակալության արարողությունը, չեմ կարծում, որ որևէ այլ երկիր համարձակվեր թույլ տալ այդ հավաքը: Բայց երեկոյան արգելումը, երբ ընթացել է խաղաղ երթ, և արգելվել է մուտքը դեպի Բաղրամյան պողոտա, այստեղ նորից Ոստիկանության կողմից խախտվել է համաչափությունը»,- ավելացրեց նա:
Ավետիք Իշխանյանը շեշտեց, որ երթը եղել է խաղաղ, քանի որ այդ մասին իրեն վկայել են գրասենյակի դիտորդները, ովքեր նախագահական ընտրություններից հետո, այդ թվում` ապրիլի 9-ին, իրականացրել են հավաքների և երթերի մոնիտորինգ:

Ավետիք Իշխանյանը նաև ուշադրություն հրավիրեց այդ օրը Ոստիկանության «չափից դուրս անհանգստության» վրա: «Չափից դուրս շատ ոստիկանական խմբեր են եղել Երևանի տարբեր մասերում, այդ թվում` քաղաքային երթուղիներից հանված ավտոբուսներով (ասենք` Զաքյան, Խորենացի փողոցներում 10-15 ավտոբուսներ կային` լեփ-լեցուն ոստիկաններով), նաև մենք ունենք լուսանկարներ, որ ՊՆ մեքենաներ էլ են եղել»,- ավելացրեց Ավետիք Իշխանյանը: Վերջինս չմոռացավ խորհրդի կարգով հորդորել Րաֆֆի Հովհաննիսյանին զանգվածային միջոցառումների ժամանակ անպայման ունենալ կարգադրիչներ, որոնք հստակ իմանան իրենց անելիքները: Խոսելով Հայաստանում հավաքների անցկացման ազատության մասին` Ավետիք Իշխանյանը նշեց, որ այդ առումով իրավիճակն էականորեն փոխվել է 2011 թվականից հետո, երբ մեծ հաշվով լուրջ խոչընդոտներ չէին առաջանում հավաքների հետ կապված:

«Բայց տարբեր քննարկումների ժամանակ ես միշտ ասել եմ, որ սա դեռ չի նշանակում, թե կարելի է ասել, որ խաղաղ հավաքների իրավունքը մեզ մոտ ապահովված է, որովհետև դա կախված է քաղաքական իրավիճակից: Մենք կարող ենք ասել, որ անշրջելի է այդ իրավիճակն այն ժամանակ, երբ քաղաքական լարվածությունը հաղթահարվի խաղաղ հավաքների իրավունքի իրականացմամբ: Այժմ Հայաստանի իշխանությունն այդ քննության առաջ է կանգնած, և երեկվա քննությունը, կարելի է ասել, բավական ցածր մակարդակի վրա էր»,- ասաց իրավապաշտպանը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս