Հրայր Թովմասյանը՝ Արմեն Մարտիրոսյանի մասին. «Ինչ տեսել և գնահատել եմ, դա վայել չէ քաղաքական գործչին»
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն անդրառնալով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին` ասաց. «Պետք է ասեմ, որ երեկվա իրադարձությունները մեր պետության կայացման հերթական փորձն էր: Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր երկրում վերջին ժամանակահատվածներում շատ բան է փոխվել, և դրա հետ միաժամանակ փոխվել է նաև մեր ոստիկանությունը, որը գիտի, թե իրեն ինչպես պիտի պահի հավաքների ժամանակ, ի՞նչ է խաղաղ հավաքը, գիտի, թե ի՞նչ է աջակցել, գիտի շատ հստակ, թե ի՞նչ է նշանակում ձեռնարկված միջոցների համաչափությունը:
Դա ցույց տվեց, որ շատ բան է փոխվել, երբ որ ոստիկանապետը, միգուցե մտքի խորքում ունենալով էն դառը, վատ իրադարձությունները, որ մենք ունեցել էինք, ոչ թե կաբինետում էր, ոչ թե տարբեր պաշտոնատար անձինք էին տեղում որոշումներ կայացնում, այլ ինքը հենց էնտեղ էր, և հենց ինքն էր որոշումներ կայացնում»:
Ինչ վերաբերում է երեկ Երևանի Բաղրամյան պողոտայում «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին, ապա Հ. Թովմասյանը ասաց.
«Ցավում եմ, որ քաղաքական գործչի, հմուտ քաղաքական գործչի հետ նման բան է կատարվել, բայց էն, ինչ որ պարոն Մարտիրոսյանն էր զբաղվում, էն, ինչ որ տեսել և գնահատել եմ, դա վայել չէ քաղաքական գործչին: Ես տեսել եմ, որ պարոն Մարտիրոսյանը փողոցի կենտրոնով վազում է և ինչ-որ բաներ է ասում:
Էն ժամանակահատվածում, երբ որ Արմեն Մարտիրոսյանը գտնվել է Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում, իր պաշտպանը հայտարարություն է տվել հանցագործության մասին: Բայց միաժամանակ ես պիտի Ձեզ ասեմ, որ ոստիկանության երկու աշխատակից ևս զեկուցագիր են գրել, որի մեջ կան, ըստ իրենց, հանցագործության էլէմենտներ: Ես էս փուլում, եթե կարծում եք, որ պիտի գնահատականներ տամ, ես չեմ շեղվում իմ որդեգրած սկզբունքներից, որ բոլոր էն տեղերում, որտեղ կա նախաքննության գաղտնիություն, որտեղ արդարադատության նախարարի ասածը փոքր-ինչ կարող է ազդեցություն ունենալ, ես ձեռնպահ եմ»:
Հ. Թովմասյանի փոխանցմամբ` ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ կտա այն բոլոր քայլերի մասին, որոնք առնչություն ունեն այդ գործին: