Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյան. Կառավարության անդամները չափերն անցնում են

Այսօր ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկումները համարեց պոպուլիստական և դեմագոգիկ, որոնք, ըստ նրա, որևէ վերլուծական հիմք չունեն:

Ի պատասխան սրա, Ն. Փաշինյանը  նշեց, որ Ա.Շաբոյանն օլիգարխներից օրումեջ ներողություն խնդրելու առիթներ շատ է ունենում:  «Կառավարության և գործադիր իշխանության ներկայացուցիչները մտնելիս  թող չմոռանան, թե որտե՞ղ են իրենք մտնում, և, տիկին նախագահող, Ձեզ կոչ եմ անում, որ օրենքով սահմանված միջոցները կիրառեք, երբ որ, հատկապես կառավարության ներկայացուցիչները, կներեք այս արտահայտության համար՝ չափերն անցնում են: Թույլ տվեք նաև կանխատեսել, որ Արտակ Շաբոյանը երբևէ ներողություն կխնդրի իր այսօրվա պահվածքի համար»,- ասաց Ն.Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ասել էր, որ անհրաժեշտ է  ուսումնասիրություններ իրականացնել  նաև մամուլի հրապարակումների հիման վրա: Պատգամավորը հետաքրքրվել էր, թե հանձնաժողովն ինչո՞ւ չի դիմել «Կարֆուրին»՝  պատասխան ստանալու համար:

Հաջորդ դիտարկումը վերաբերում էր ՏՄՊՊՀ-ի 2012թ. վերջին հաշվետվությանը, որի համաձայն՝ ՀՀ-ում շաքարավազի շուկայի 99%-ը զբաղեցնում է մեկ ընկերություն: «Կարո՞ղ եք բացատրություն տալ՝ ինչո՞ւ է տարիներով այս երևույթը շարունակվում»,- հարցրել էր պատգամավորը։

Ըստ Փաշինյանի՝  հաշվետվության համաձայն՝ այս ոլորտում առկա են ևս հինգ ընկերություններ, և խնդրել էր «բացահայտել այդ սենսացիոն տեղեկատվությունը»:

Ն. Փաշինյանի հաջորդ հարցադրումը վերաբերում էր ավիացիոն ոլորտում վերջերս ստեղծված իրավիճակին: Ա. Շաբոյանը նշել էր, որ իրենք  փորձել են «Կարֆուր» ընկերության ներկայացուցիչներին հրավիրել քննարկման, որպեսզի հասկանան խնդիրը և ուսումնասիրություններ անցկացնեն: «Եթե ընկերությունն ունի խնդիրներ, ապա պարտավոր է գալ և ներկայացնել այդ խնդիրները»,- ասել էր Ա. Շաբոյանը, ում խոսքով՝ իրենք պատրաստ ենք անգամ բաց քննարկումների:

Շաքարավազի շուկայում առկա մենաշնորհի մասին հարցին ի պատասխան՝  ՏՄՊՊՀ նախագահը նախ՝ չէր համաձայնել այդ սահմանման հետ՝ ասելով, թե բացի պետականորեն ամրագրված մենաշնորհներից՝ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, սակայն կան գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ:

Անդրադառնալով շաքարավազի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների անուններ թվարկելու հարցին՝  նշել է, որ կան մի քանի ընկերություններ, ինչպես, օրինակ, «Գրանդ քենդին», «Կոկա-կոլան» և այլն: «Ինչո՞ւ է գերիշխող դիրք զբաղեցնում «Ալեքս գրիգ» ընկերությունը տվյալ շուկայում, ապա դա էլ իր տրամաբանական բացատրությունն ունի. որովհետև կոնկրետ շաքարավազն արտադրվում է մեր հանրապետությունում, այսինքն՝ հումքը ներդրվում է, և տեղում իրականացվում է շաքարավազի արտադրություն»,- ասել էր Ա.Շաբոյանը:

Ավիացիոն ոլորտում վերջերս ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Շաբոյանն ասել է, որ հանձնարարել է ուսումնասիրություններ իրականացնել այդ ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս