Հայաստանում կարելի է տաքսի պատվիրել նաև օնլայն
Բարձր տեխնոլոգիաները թափանցում են մեր առօրյա, ու նույնիսկ այնպիսի պարզ գործողությունը, ինչպիսին տաքսի պատվիրելն է, արդեն կարելի է օնլայն պատվիրել: Օնլայն տաքսի ծառայությունը լայն կիրառում ունի ամբողջ աշխարհում։ Հայաստանում, արդեն շուրջ երկու ամիս է, հնարավոր է դարձել օնլայն տաքսի պատվիրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ծրագրի տեխնիկական մենեջեր Հրաչյա Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այդ ամենը հստակ կազմակերպված ու ժամանակի կողմից ստուգված գործընթաց է:
«Սա Հայաստանում օնլայն տաքսի պատվիրելու առաջին փորձն է, որը հնարավորություն է տալիս մի կողմից՝ տաքսի ծառայություններին խուսափել այդքան թանկ ռադիոկապի համակարգի օգտագործումից, իսկ մյուս կողմից էլ՝ պատվիրատուներին, կիրառելով նոր տեխնոլոգիաները, հնարավորություն է տալիս ինչպես տաքսի պատվիրել, այնպես էլ ունենալ իրենց պատվերների ողջ պատմությունը, ժամանակագրությունը և ընտրել իրենց հարմար տաքսի ծառայությունն ու վարորդին»,- ասաց Հ. Խաչատրյանը՝ նշելով, որ այս ամենն ավելի շատ նոր մշակույթ ձևավորելուն է կոչված, քան պարզապես պատվերներ ընդունելուն:
Հ. Խաչատրյանի տեղեկացմամբ, համակարգում արդեն իսկ գրանցված է մոտ 100 անհատ վարորդ, իսկ տաքսի ծառայությունների հետ ներկայում բանակցություններ են ընթանում, և շուտով դրանց հետ էլ կսկսեն համագործակցել:
«Ճիշտ է, դեռևս մեքենաների քանակը և պատվերների քանակը մեծ չէ, սակայն այդ ամենը պարզապես ժամանակի հարց է»,- ասաց Հ. Խաչատրյանը՝ նշելով, որ սա մարդկանց համար տաքսի պատվիրելու այլընտրանքային եղանակ է:
Ինչ վերաբերում է գնին, ապա օնլայն տաքսի ծառայության գինը, Հ. Խաչատրյանի խոսքով, թանկ չէ ավանդական եղանակով տաքսի պատվիրելու գնից: Առայժմ այսկերպ տաքսի է պատվիրել շուրջ 100 մարդ: