ՀԱԿ-ականների վերջին հանգրվանը ՀՀՇ-ն է
Ինչպես հայտնի է` ՀՀՇ-ում հավաքված են խոր ինտելեկտուալներ, և այդ ինտելեկտը ժամանակ առ ժամանակ որոշակի դրսևորումներ է ունենում: Դրա արդյունքում է, որ այս կուսակցությունը մտածում և գործում է` իր քաղաքական հակառակորդների բոլոր հնարավոր քայլերը կանխելով: Ամենաթարմ օրինակը տեղի է ունեցել ընդամենը վերջերս:
ՀՀՇ 18-րդ համագումարը որոշում կայացրեց, որ ՀՀՇ-ն լուծարվում է և վերակազմավորվում է ՀԱԿ-ի: Դրանից հետո շատերը ենթադրեցին, որ ՀՀՇ-ի վերջը եկել է, էլ ՀՀՇ չկա:
Բայց ՀՀՇ-ի վերջի մասին մտածողները մի փոքր շտապել էին: Որովհետև ՀՀՇ-ն չի կարող վերանալ, չի կարող ոչնչանալ, քանի որ այն անմահ է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀՇ աշխատակազմի ղեկավար Վարդգես, նույն ինքը` Վահագն Հայոցյանը ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» անունով հասարակական կազմակերպություն է գրանցել:
Այս լուրը ճշտելու համար դիմեցինք պարոն Հայոցյանին: Նա, ըստ էության, հաստատեց մեր տեղեկությունը, չնայած իր ղեկավարած հասարակական կազմակերպության հետ կապված որոշ մանրամասներից անտեղյակ էր: Մեր հարցին, թե ինչպես է կոչվում իր ղեկավարած կազմակերպությունը, պարոն Հայոցյանը պատասխանեց.«Հայոց համազգային շարժում»: Երբ մենք կրկին հարցրեցինք թե դա իր ղեկավարած հասարակական կազմակերպության լրի՞վ անվանումն է, նա ասաց. «Այո Հայոց համազգային շարժում, հապավումով` ՀՀՇ»: Փաստորեն, Հայոցյանը չգիտեր, որ իր ղեկավարած կազմակերպությունն ավելի խոսուն և ընդարձակ անվանում ունի: Մեր հաջորդ հարցին՝ թե ինչով է զբաղվելու իր հիմնած հասարակական կազմակերպությունը, Վահագն Հայոցյանն առավել տարօրինակ պատասխան տվեց. «Դե, ինչպես մյուս հասարակական կազմակերպությունները»: Կան հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են գենդերային հավասարությամբ, մյուսները պաշտպանում են հաշմանդամների իրավունքները, կրոնի և դավանանքի ազատությունը, սեռական փոքրամասնություններին պաշտպանում են ոտնձգություններից, պահպանում են հայրենի բնությունը, զինվորի իրավունքները, կամ տարածում են ազատականություն և զարգացնում են ժողովրդավարություն: Մեր ճշտող հարցին, թե հատկապես ինչով է զբաղվելու իր հիմնած հասարակական կազմակերպությունը, Հայոցյանը պատասխանեց. «Կազմակերպությունն ունի իր ծրագիրը և կանոնադրությունը, և շարժվելու է` ըստ իր ծրագրի և կանոնադրության»: Նա մեզ հրավիրեց հ/կ գրասենյակ` ծանոթանալու ՀՀՇ ծրագրին և կանոնադրությանը:
Եթե Վահագն Հայոցյանը տեղյակ լիներ իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպության լրիվ անվանմանը, ապա հեշտությամբ կպատասխաներ մեր այն հարցին, թե ինչով է զբաղվելու կազմակերպությունը: Չէ՞ որ կազմակերպության իրավաբանական անվան մեջ, ՀՀՇ-ից բացի, կա նաև այսպիսի մաս` «Ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն»: Բայց եթե նկատի ունենանք, որ հասարակական կազմակերպությունը նորաստեղծ է, և անվանումն էլ բավական երկար է, ապա կարելի է ենթադրել, որ կազմակերպության նախագահն անգիր է արել դրա միայն առաջին մասը, իսկ ծրագրային նպատակները ներկայացնող հատվածին դեռ չի հասել:
Պարզ է, որ այս անվանումով հասարակական կազմակերպություն գրանցվել է ոչ թե ազատականություն տարածելու կամ ժողովրդավարություն զարգացնելու համար, այլ որպեսզի ՀՀՇ անվանումով գրանցված կազմակերպություն լինի, և այդ անունը չկարողանա օգտագործել ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Հիշեցնենք, որ Ա. Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ հիմնադիր համագումարից հետո ինքը ՀՀՇ անվամբ կուսակցություն է ստեղծելու:
Երեկ մենք զրուցեցինք ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի ղեկավար Էդիկ Մարգարյանի հետ: Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ «Հայոց համազգային շարժում. ազատականության տարածման և ժողովրդավարության զարգացման հասարակական կազմակերպություն» անվանումով հ/կ-ն խոչընդոտ հանդիսանա «Հայոց համազգային շարժում» անունով կուսակցություն գրանցելու համար, շատ հստակ պատասխանեց . «Ոչ, չի կարող»: Սա նշանակում է, որ պարոն Հայոցյանը և նրա հետևում կանգնած` ժողովրդավարություն զարգացնող ու ազատականություն տարածող ՀՀՇ-ականներն իրենց նպատակին չեն հասել:
Ավելին, նրանք իրենց նման վարքագծով հարուցել են ՀՀՇ շատ անդամների զայրույթն ու նողկանքը: Մարդիկ, ովքեր մինչև վերջերս պատրաստ էին անդամակցել ՀԱԿ-ին, հայտարարում են, որ տեսնելով, թե ինչով են զբաղված կուսակցության վերնախավի ներկայացուցիչները, ուզում են ժամ առաջ պոկվել այդ միջավայրից:
Հնարավոր է նաև, որ նոր հասարակական կազմակերպությունն իսկապես ծառայելու է իր ծրագրային նպատակներին. այն է` ազատականության տարածում և ժողովրդավարության զարգացում: Այն, ինչ չհաջողվեց ՀՀՇ կուսակցությանը, գուցե հաջողվի հասարակական կազմակերպությանը: