Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը վերջնականապես հաստատել է պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատել է «Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում ուղղումներ մտցնելը, որոնք նախատեսում են պարտադիր զինծառայության ժամկետի կրճատում:

Ուղղումների օգտին քվեարկել է 85 պատգամավոր, դեմ՝ 5-ը: Ուղղումների համաձայն, ժամկետային զինծառայողները պետք է ծառայեն ոչ թե 18, այլ՝ 12 ամիս: Այս փոփոխությունն առնչվելու է նաև նրանց, ովքեր արդեն իսկ գտնվում են զինծառայության մեջ:

Օրինագծի հեղինակները հայտարարել են, որ այս ուղղումները կօգնեն կարգավորել զորակոչի հետ կապված բոլոր խնդիրները, քանի որ գործող օրենսդրությունը չէր ապահովում նույն ժամանակում զինակոչիկների կազմի փոփոխումը:

Ընդ որում, օրինագիծը նաև ենթադրում է զինծառայությունից տարկետում տրամադրել նրանց, ովքեր միջնակարգ դպրոցն ավարտելուց անմիջապես անց գրանցվել են Միասնական ազգային քննություններին մասնակցելու համար՝ բուհ ընդունվելու նպատակով:

Օրինագիծն ուժի մեջ կմտնի Վրաստանի նախագահի կողմից հաստատվելուց և Արդարադատության նախարարության Օրենսդիր մարմնի տեղեկագրում հրապարակվելուց հետո:

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը «Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում ուղղումներ մտցնել նախատեսող օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է մարտի 22-ին, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ ապրիլի 3-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս