ՀԱՄԱՍ-ն անցե՞լ է սիրիացի ապստամբների կողմը
Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը, որն ավելի վաղ աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, այժմ անցել է նրա դեմ մարտնչող ապստամբների կողմը և զբաղված է նրանց նախապատրաստմամբ:
Այս մասին այսօր թերթին հայտնել են արևմտյան իրազեկ դիվանագետները: Սակայն ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հերքում են դա: Թերթի տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Իզզեդին ալ-Քասամ» բրիգադները մարզում են Սիրիայի ազատ բանակի զինյալներին:
Այդ դասընթացներն անցկացվում են Դամասկոսից արևելք ընկած տարածքներում՝ Յալդա, Ջարամանա և Բաբիլա քաղաքներում: Բացի այդ, նրանք սիրիացի ապստամբներին սովորեցնում են փորել ստորգետնյա թունելներ, ինչը նրանց պետք կգա Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնի համար մղվող ճակատամարտում, որն այժմ գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո: