Էնրիկե Իգլեսիասը՝ «Տաշիր 2013»-ի հատուկ հյուր

Մայիսի 18-ին Մոսկվայում՝ Կրեմլի դահլիճում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված «Տաշիր 2013» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը: Մրցանակաբաշխությունն անցկացվում է 7-րդ անգամ, այս տարի «Տաշիր 2013»-ի հատուկ հյուրը կլինի հայտնի երգիչ Էնրիկե Իգլեսիասը (Enrique Iglesias):

Tashir.ru կայքի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխությանը ելույթ կունենան աստղեր՝  ինչպես Եվրոպայից, այնպես էլ Ռուսաստանից՝ Մարգարիտա Պոզոյան, Աբրահամ Ռուսո, Նիկոլայ Բասկով, Սոֆիա Ռոտարու, Կրիստինա Օրբակայտե, Լյուբով Ուսպենսկայա, Ջիվան Գասպարյան: Հայկական երաժշտարվեստի ներկայացուցիչներից երեկոյին կմասնակցեն միջազգային Grammy և World Music Awards մրցույթների մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանը,  «Armenian Navy Band» ավանգարդ ֆոլկ-ջազ նվագախումբը, 2008 և 2009 թվականներին «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը 2008թ. ներկայացրած Սիրուշոն, Անուշ և Ինգա Արշակյանները: Մայիսի 18-ին Կրեմլում հանդես կգան նաև «Փարիզի Աստվածամոր տաճարը» հայտնի մյուզիքլի կատարողներ Էլեն Սեգարան (Helene Segara) և Պատրիկ Ֆիորին (Patrick Fiori):

«Տաշիր 2013»-ի գալա-համերգի գլխավոր անակնկալն, իհարկե, հատուկ հյուրի՝ լատինաամերիկյան ամենաճանաչված երգիչներից մեկի՝ Էնրիկե Իգլեսիասի մասնակցությունն է:

«Ռուսաստանի և ԱՊՀ երկրների իմ երկրպագուները ինձ միշտ ջերմ են ընդունել, և ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Կրեմլում «Տաշիր 2013» երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում»,- հայտարարել է Էնրիկե Իգլեսիասը: Միջոցառումը կվարեն Գարիկ Մարտիրոսյանը, Տատյանա Գևորգյանը, Վիկտորյա Լոպիրովան, Անդրեյ Մալախովը: Գալա-համերգն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Կարդացեք նաև

«Տաշիր» մրցանակաբաշխությունը՝ սկսած 2006 թվականից, ամենադիտվող լայնամասշտաբ երաժշտական միջոցառումներից մեկն է դարձել, որն այս տարիների ընթացքում ունեցել է ավելի քան 40.000 հանդիսատես և ավելի քան 5 միլիոն հեռուստադիտող:

Ի դեպ, հատուկ «Տաշիր 2013» մրցանակաբաշխության համար կոմպոզիտոր Թոլիբխոն Շախիդին  (Tolibkhon Shakhidi) հանդիսատեսին կներկայացնի իր նորաստեղծ ռապսոդիան՝ դաշնամուրով և սիմֆոնիկ  նվագախմբով: Ստեղծագործությունը գրվել է Արամ Խաչատրյանի հնչյունների հիման վրա և նվիրված է  Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Ստեղծագործությունը կհնչի առաջին անգամ:

«Տաշիր 2013»-ի ընթացքում կհանձնվեն մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն զուգերգ», «Լավագույն երգչուհի», «Լավագույն երգիչ», «Տարվա հայտնություն», «Հայաստանի ընկեր»: Անվանակարգերում ներկայացված են Լիլիթ Հովհաննիսյանը, Սիրուշոն, Թաթա Սիմոնյանը, Արման Հովհաննիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Արմենչիկը, Կամո Սեյրանյանը:

Հիշեցնենք, որ «Տաշիր» մրցանակաբաշխության հիմնադիրն է «Տաշիր գրուպ» աշխարհահռչակ ընկերությունը, որը 1999թ. ստեղծվել է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից: Ընկերությունն իր մեջ միավորում է ավելի քան 200 ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում արտադրության, շինարարության, ֆինանսների, հասարակական սննդի, էներգետիկայի, առևտրի և այլ բնագավառներում: Ընկերությունն ունի ավելի քան 45.000 աշխատակից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել էր աշխարհի դոլարային միլիարդատերերի` 2013 թվականի ցուցակը: Դրանում տեղ էին գտել 1426 միլիարդատերեր (210-ով ավելի, քան անցյալ տարի), որոնց ամբողջ կարողությունը կազմում է 5.4 տրիլիոն դոլար: Միլիարդատերերի համաշխարհային այդ ցուցակում ազգությամբ 6 հայեր կան: Աշխարհում ամենահարուստ հայը` 353-րդ հորիզոնականում գտնվող Սամվել Կարապետյանն է, որի ընդհանուր կարողությունը, ըստ «Forbes»-ի, կազմում է 3.8 միլիարդ դոլար: Անցյալ տարի նրա կարողությունն ամսագիրը գնահատել էր 1.6 միլիարդ: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում Սամվել Կարապետյանի կարողությունն աճել է 2.2 միլիարդ դոլարով: Ըստ ամսագրի՝ նա ղեկավարում է «Տաշիր գրուպ» ընկերությունը, որի մեջ մտնում են 24 առևտրային կենտրոններ, 7 բիզնես-կենտրոններ և 7 հյուրանոցներ: Դատելով «Forbes»-ի ներկայացրած տվյալներից` մինչ վերջերս աշխարհի ամենահարուստ հայը համարվող Քըրք Քըրքորյանն առաջին անգամ տեղը զիջել է Սամվել Կարապետյանին: 95-ամյա Քըրքորյանն՝ իր 3.3 միլիարդ դոլար կարողությամբ (2008-ին` մինչ ճգնաժամը ուներ 11.2 միլիարդ դոլար), հայտնվել է 412-րդ հորիզոնականում:

ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս