«Արմավիան» կվճարի՞
Նախորդ ուրբաթ` մարտի 29-ին, «Արմավիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա, Երևան-Դուբայ, Երևան-Կրասնոդար չվերթները չեղյալ հայտարարվեցին: Այդ ուղղություններով մեկնող ուղևորները կագնել էին փաստի առաջ և իրենց բողոքն էին արտահայտել ընկերության գրասենյակի մոտ: Նրանք վստահ չէին, թե արդյո՞ք ընկերությունը փոխհատուցելու է ավիատոմսի գումարը, արդյո՞ք տոկոսներ չեն գանձելու: Ուղևորներից մեկը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն իրենց խոստացել է վճարել ապրիլի 3-ին: Իսկ թե ի՞նչ չվերթ կլինի դեպի Մոսկվա, ո՞վ կկատարի այդ չվերթը, նա դժվարացավ ասել:
Ստեղծված իրավիճակից դժգոհ են նաև ավիատոմսերի վաճառքով զբաղվող գործակալությունները: Մեր տեղեկություններով` գործակալություններն են պարտավորվել վերադարձնել ավիատոմսերի գումարը, այլ կերպ ասած` ուղևորը որտեղից գնել է ավիատոմսն, այդտեղից էլ պետք է ստանա գումարը: Տվյալ պարագայում երկընտրանքի առաջ են կանգել նաև գործակալությունները, որոնք վստահ չեն, թե արդյո՞ք վերադարձված գումարը կարող են ստանալ «Արմավիայից»` հաշվի առնելով ընկերության ներկա վիճակը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին «Արմավիան» հայտարարել է իր սնանկության մասին` չեղյալ հայտարարելով հիշյալ չվերթները: