Երդմնակալություն. չպարտավորեցնող միջոցառում

Ի՞նչ կլինի ապրիլի 9-ին և ապրիլի 9-ից հետո: Սերժ Սարգսյանի պարագայում դժվար չէ գլխի ընկնել: Նա ուղղակի չի հավատում, որ փետրվարի 18-ին ընտրողների հսկայական մասն ասել է «ոչ» այս իշխանություններին: Եվ չհավատալու համար կարող է երկու ծանրակշիռ հիմնավորում ներկայացնել` ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքը և ՍԴ-ի վճիռը` այդ արդյունքը ճանաչելու մասին: Հետևաբար, ապրիլի 9-ին, Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) սրահում կամ դահլիճում, Սերժ Սարգսյանը իր համախոհների ներկայությամբ կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը: Տեսախցիկը խոշոր պլանով ցույց կտա նրա ձեռքը` դրված ՀՀ Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա: Եվ քանի որ ապրիլի 9-ն աշխատանքային օր է, երեքշաբթի, ՄՀՀ-ի այդ փոքրիկ, հետևաբար` չպարտավորեցնող միջոցառումից հետո «օրվա մեղավորը» կմեկնի ուղիղ Բաղրամյան 26: Փետրվարի 18-ից հետո տարաբնույթ և իրարամերժ ապրումներ ունեցած հանրապետականների համար սա իրադարձությունների սպասված ավարտ է. նրանք ևս ուժասպառ են եղել լուտանքների անվերջ տարափի տակ, բայց չընկրկելով կրկնել, որ Սերժ Սարգսյանը հաղթել է` ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը: Ի՞նչ են անելու այդ օրը Րաֆֆի Հովհաննիսյանն ու բոլոր նրանք, ովքեր չեն ընտրել Սերժ Սարգսյանին: Ովքեր գիտեն, որ ընտրությունները կեղծվել են:

Սահմանադրությունն օգտակար է` որպես ձեռնարկ, որի ֆորմատը հարմար է ձեռքը հենելու և երդվելու համար: Սակայն նրա բովանդակությունը իշխանություններից դժգոհ մարդկանց, այդ թվում և` Րաֆֆի Հովհաննիսյանին, գործելու սահմանափակ ազատություն է տալիս: Սահմանադրությունը կարելի է խախտել` ընտրակեղծարարության նպատակով, սակայն այն արդեն անպետք է կեղծված ընտրությունների դեմ պայքարում: Ի՞նչ անել: Այս դեպքում գործողությունների ավելի մեծ հնարավորություն է ընձեռում, թերևս, մյուս գիրքը` Վեհամոր Ավետարանը: Ծոմ: Ավետարանի առաջարկած գործողությունների մեծ հնարավորություններից Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրեց ծոմը: Պահեց այն ավելի քան 20 օր և խոստացավ դադարեցնել կիրակի, Սուրբ Զատկի պատարագից հետո: Սակայն հարցը` ի՞նչ է լինելու ապրիլի 9-ին և դրանից հետո, ծոմապահությունից հետո ևս կլինի օդում նույն սրությամբ, ինչ դրանից առաջ: Թեև ապրիլի 9-ի օրակարգը Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ պարզեցնել հաջորդ հանրահավաքին` ապրիլի 5-ին, սակայն արդեն ակնհայտ է, որ երդմնակալության օրը Հանրապետության հրապարակը բազմամարդ կլինի: Հանրապետության մեծ քաղաքներում ևս հանրահավաքներ կլինեն` ի նշան բողոքի: Եվ բողոքող այդ մարդիկ իրենց նախագահ կճանաչեն Րաֆֆի Հովհաննիսյանին: Սա, ինչ խոսք, բարոյական լուրջ հարված կլինի Սերժ Սարգսյանին: Սակայն հրապարակում դրված է ոչ միայն բարոյական հաղթանակի խնդիրը: Արդեն ավելի է սրվում հարցը` հանդիպելո՞ւ են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը, եթե այո` ե՞րբ և որտե՞ղ: Հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանն այնպես նկարագրեց իր օրակարգը, որ նման հանդիպման համար ժամանակ կարծես չի մնում: Սերժ Սարգսյանն էլ իր խոսնակի շուրթերով Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները կամ վարքագիծը համարեց կապրիզ: Սերժ Սարգսյանի խոսնակի` Արմեն Արզումանյանի պատասխանի մեջ անգամ այսպիսի միտք հայտնվեց. «Նախագահի ս.թ. մարտի 25-ի նամակում արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ` չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը»: Իրականում, վերջնագրեր չեն հնչել, հնչել են կոնկրետ առաջարկներ` Սերժ Սարգսյանը մնում է, թող որ չընտրված, բայց` նախագահ, և հրաժարվում է երկրի համար կարևոր ոլորտների վերահսկողությունից, պաշտոնանկ է անում մի քանի մարզպետի:
Ի դեպ, Սյունիքի մարզպետի դեպքում հատկապես նման պահանջի անհրաժեշտություն չպետք է լիներ. իրեն հարգող ցանկացած նախագահ չէր հանդուրժի Սյունիքը վստահել Սուրեն Խաչատրյանի համբավով մեկին: Վկան` «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողի հետ նրա վերջին զրույցը. «Եթե 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է (որ, Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, հակահայկական գիտական գործունեություն է ծավալել.- Լ.Ա.), հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ: (գ) Ո՞նց, չե՞ս ճանաչում ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ»: Որպես կանոն` այսպիսի մարդիկ են ապահովել մեր երկրում նախագահների վերընտրությունները: Սուրեն Խաչատրյանը, լրագրողի ծնոտը ջարդել սպառնացող ՀՀԿ-ական նման դեմքերն են ապահովել նախկին ու ներկա նախագահների փայլուն հաղթանակները: Այդ թվում՝ փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Եվ նրանց ներկայությամբ էլ Սերժ Սարգսյանը կերդվի ապրիլի 9-ին: Իսկ զրույցները, թե Սուրեն Խաչատրյանն ու նրա նմանները բարձր հասարակություն չեն, նրանց ներկայությամբ երդմնակալության արարողությունը լուրջ չէ, սոսկ մոտեցման խնդիր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031