Օլանդը հայտնել է, թե որ դեպքում Ֆրանսիան զենք կմատակարարի սիրիական ընդդիմությանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ սիրիական ընդդիմությանը զենք մատակարարել կարելի է միայն մեկ դեպքում, եթե դա բաժին չընկնի ահաբեկիչներին.
«Պետք է շարունակել ընդլայնել քաղաքական, ռազմական ճնշումը, սակայն անհրաժեշտ է նաև ազդանշան տալ, որ բեռնարգելքի ժամկետի ավարտից (մայիս) հետո զենքի մատակարարումներ չեն կարող իրականացվել, եթե չկա լիակատար վստահություն, որ այդ զենքը կօգտագործվի օրինական ընդդիմության կողմից՝ շրջանցելով ահաբեկիչներին:
Ներկայումս չկա նման վստահություն: Մենք դա (զենք մատակարարել) չենք անի, եթե վստահ չլինենք, որ ընդդիմությունն ամբողջովին վերահսկում է իրավիճակը»:
Օլանդը նաև մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը չպահպանելու համար. «Մենք պահպանում ենք բեռնարգելքի պայմանները: Բեռնարգելքը խախտում են ռուսները, որոնք զենք են մատակարարում Բաշար Ասադին: Դա խնդիր է»:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ իր երկիրն ու Մեծ Բրիտանիան սկսելու են սպառազինել սիրիացի ապստամբներին, եթե անգամ դա հավանության չարժանանա ողջ ԵՄ-ի կողմից: