
Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան սկսելու են սպառազինել սիրիացի ապստամբներին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այսօր հայտարարել է, որ իր երկիրն ու Մեծ Բրիտանիան սկսելու են սպառազինել սիրիացի ապստամբներին, եթե անգամ դա հավանության չարժանանա ողջ ԵՄ-ի կողմից:
Ֆաբիուսի խոսքերով՝ Փարիզն ու Լոնդոնը փորձում են հնարավորինս արագ ԵՄ-ի քննարկմանը դնել Սիրիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքի վերացման հարցը, որպեսզի «դիմադրության մարտիկները» կարողանան պաշտպանել իրենց:
Նա հավելել է, որ եթե ԵՄ-ի անդամ 27 երկրները միաբերան հավանության չարժանացնեն այն, ապա Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ինքնուրույն կլուծեն զենքի մատակարարման հարցը՝ ընդգծելով, որ Ֆրանսիան անկախ երկիր է:
Ավելի վաղ հաղորդվում էր, թե ԵՄ-ը պլանավորել է Սիրիային զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքի վերացման կամ երկարաձգման հարցը քննարկել ընթացիկ տարվա մայիսին, սակայն Փարիզն ու Լոնդոնը մտադիր են արագացնել այդ հարցի քննարկումը:
Երկու օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց, որ իր կառավարությունը մտադիր է վերանայել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցը: Նրա կարծիքով՝ Արևմուտքը միայն նման կերպ կարող է ներազդել սիրիական զարգացումների վրա: