
Նելսոն Մանդելան վերստին հոսպիտալացվել է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՀ-ի նախկին նախագահ, 94-ամյա Նելսոն Մանդելան անցած գիշեր վերստին հոսպիտալացվել է՝ թոքային վարակի պատճառով:
Նախորդ դեպքում Մանդելան նույն պատճառով հոսպիտալացվել էր նախորդ տարվա դեկտեմբերին Յոհաննեսբուրգում: Այն ժամանակ բժիշկները նրա թոքերում հայտնաբերել էին վարակ և հայտարարել էին, որ Մանդելան պետք է ստանա համապատասխան բուժում:
Ավելի ուշ Մանդելային վիրահատել էին՝ լեղապարկի քարերը հեռացնելու համար: Ամանորից քիչ առաջ նրան դուրս էին գրել հիվանդանոցից: Բժիշկները Մանդելայի առողջական վիճակը հերթական անգամ պլանաչափորեն զննել էին երկու շաբաթ առաջ: Նրան հիվանդանոցից դուրս էին գրել մարտի 10-ին:
Մանդելան դարձել է ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը: Նա ՀԱՀ-ը ղեկավարել է 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում: Երիտասարդ տարիքում նա ակտիվ պայքարել է ապարտեիդի ռեժիմի (1948-1994 թվականներին ՀԱՀ-ում տարվող ռասայական խտրականության քաղաքականություն – 168.am) դեմ, ինչի համար էլ 27 տարի անցկացրել է բանտում: 1997 թվականին Մանդելային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ: