Մենք պետք է ակտիվացնենք ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը. Ռիչարդ Մորնիգսթար
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի հյուսիսում գտնվող Ղուբա այցելած Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մենք պետք է ակտիվացնենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող ջանքերը: ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անում է ամեն հնարավոր բան՝ խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ես տեղյակ եմ, թե որքան բարդ է այդ հակամարտությունը:
Այլապես այդ հակամարտության կարգավորումը չէր զբաղեցնի 20 տարի: Մենք պետք է ակտիվացնենք այդ ուղղությամբ ջանքերը: Ես և ամերիկացի համանախագահը շարունակում ենք համատեղ աշխատել Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ՝ հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ առաջ քաշելու համար»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան դառնալուց հետո Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել էր, որ երջանիկ կլիներ, եթե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեղի ունենար իր պաշտոնավարման ժամանակաշրջանում: