
Թուրքիայում վերականգնվելու է հայկական հերթական եկեղեցին

Hye Tert-ի (Հայ Թերթ) փոխանցմամբ՝ Թուրքիայում վերականգնվելու է հայկական հերթական եկեղեցին: Այս անգամ խոսքը գնում է Սըվազի (Սեբաստիա) Գյուրյուն շրջանում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մասին:
Եկեղեցու վերանորոգումը կարևորվում է տվյալ շրջանում զբոսաշրջությանը զարկ տալու, ինչպես նաև մշակութային տեսանկյունից: 19-րդ դարում կառուցված եկեղեցին տարբեր ժամկետներում ծառայել է որպես բանտ, կինոթատրոն ու պահեստ:
Եկեղեցու վերանորոգումը նախաձեռնել են Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությունը և Սըվազի նահանգապետարանը: Վերակառուցվելուց հետո եկեղեցին գործելու է որպես քաղաքային թանգարան: Բարեկարգվելու է նաև եկեղեցու շրջակայքը: