Իսրայելական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Թուրքիա
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ առաջիկա շաբաթ Թուրքիա է ժամանելու իսրայելական պատվիրակություն: Վերջինս թուրքական կողմի հետ քննարկելու է 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհված Թուրքիայի 9 քաղաքացիների հարազատներին փոխհատուցում վճարելու հարցը:
Այս մասին հայտնել են իսրայելական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները: Վերջիններիս պնդմամբ՝ իսրայելական պատվիրակությունը Թուրքիա է ժամանելու այս շաբաթ Իսրայելում նշվող Սուրբ Զատկի տոնից հետո: Մինչ այս թուրք և իսրայելցի չինովնիկները տվյալ հարցը քննարկել են միայն հեռախոսազրույցների ժամանակ:
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը մտադրություն է հայտնել մոտ ժամանակներս այցելել Անկարա և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միասին քննարկել երկկողմանի հարաբերությունների կարգավորման հարցը: