
ԱՄՆ-ից ժամանած B-2 ինքնաթիռները Հարավային Կորեայում հաջողությամբ ոչնչացրել են ուսումնական թիրախները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ից ժամանած B-2 «անտեսանելի» ինքնաթիռները հարված են հասցրել Հարավային Կորեայի տարածքում գտնվող ուսումնական զինամթերքով պայմանական թիրախներին:
Դա տեղի է ունեցել այն բանից երկու օր անց, ինչ Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարեցին զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման մասին: Ամերիկյան ինքնաթիռները Հարավային Կորեա հասնելու համար հաղթահարել են մոտ 13.000 մղոն (ավելի քան 20.000 կիլոմետր) տարածություն:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի В-2 Spirit երկու ինքնաթիռ, որոնք ունակ են կրել միջուկային զենք և որոնց մշտապես բազավորված են Միսսուրի նահանգի «Ուիթման» ավիաբազայում, հաջողությամբ խոցել են Հարավային Կորեայի տարածքում գտնվող զորավարժարաններից մեկի պայմանական թիրախները: