Էլմար Մամեդյարովը մեկնել է Վրաստան
Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Վրաստան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մամեդյարովի վրացական այցի նպատակը Վրաստանի ու Թուրքիայի արտգործնախարներ Մայա Փանջիկիձեի ու Ահմեթ Դավութօղլուի հետ Բաթում այսօր կայացող եռակողմ հանդիպմանը մասնակցելն է:
Այդ հանդիպման ժամանակ արտգործնախարարները ստորագրելու են 2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության պլանը, որով նախատեսվում է իրականացնել երեք երկրների պատրաստած մի շարք նախագծեր:
Այդ նախագծերը հիմնականում առնչվում են տնտեսական, էներգետիկ, շրջակա միջավայրի պաշտպանության, մշակույթի ոլորտներին: Հանդիպման արդյունքներով արտգործնախարարները ստորագրելու են ամփոփիչ արձանագրություն:
Արտգործնախարարների հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու այս տարվա երկրորդ կեսին, Ադրբեջանում: Նրանց նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2012 թվականի հունիսի 8-ին, Թուրքիայի Տրապիզոն քաղաքում: