ՄԱԿ-ը նախապատրաստվում է Սիրիայում խաղաղապահ օպերացիա ձեռնարկելուն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը շարունակում է նախապատրաստվել Սիրիայում խաղաղապահ օպերացիա ձեռնարկելուն՝ հույս ունենալով, որ Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցություններ կսկսեն:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ օպերացիաների գծով տեղակալ Էրվե Լադսուսը. «Դժբախտաբար, առաջընթաց չկա սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացում, քաղաքական գործընթացն այդպես էլ չի սկսվել: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել՝ պատրաստ լինելու համար նրան, որ եթե հանկարծ փոխվի իրավիճակը:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները սարսափելի աղետ են: Հուսով եմ, որ հակամարտող կողմերը վերջապես կգիտակցեն իրենց գործողությունների անիմաստությունը և դրանց վտանգավոր հետևանքները: Մենք հավատում ենք, որ հաջողությամբ կպսակվի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի միջնորդական առաքելությունը»:
Սիրիայում բախումները սկսվել են 2011 թվականի մարտին: Այդ ժամանակվանից ի վեր՝ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում զոհվել է ավելի քան 70.000 մարդ: Բացի այդ, 1.1 միլիոն մարդ ապաստան է գտել հարևան երկրներում: