Facebook-ի խաղերից օգտվում է օգտատերերի 20 տոկոսը

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Facebook-ը Սան Ֆրանցիսկոյում խաղեր մշակողների կոնֆերանսի ժամանակ նոր տվյալներ է ներկայացրել: Դրանց համաձայն, Facebook-ում զգալիորեն ավելացել է սոցիալական խաղեր խաղացողների քանակը:

Ընկերությունն ընդգծել է, որ Timeline-ում ստեղծելու է նոր բաժին՝ բացառապես նվիրված խաղերին: Այդ բաժինը մարդկանց հնարավորություն կտա ընդգծել իրենց սիրելի խաղերը ժամանակային սանդղակով և պրոֆիլային էջում, ինչպես նաև խաղեր մշակողների համար կծառայի որպես տեղեկատվական նոր աղբյուր:

Նշվում է, որ ներկայումս ամսական ավելի քան 250 միլիոն մարդ օգտվում է Facebook-ի խաղերից, ինչը կազմում է սոցցանցի ողջ օգտատերերի 20 տոկոսը: Նախորդ տարվա օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 235 միլիոն մարդ, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 205 միլիոն մարդ:

Facebook-ի հարթակում խաղերի տեղակայումն ավելացել է 75 տոկոսով՝ համեմատած 2012 թվականի մարտի հետ: Ներկայումս Facebook-ում հավաքվել է մոտ 200 խաղ, որոնցից յուրաքանչյուրից ամսական կտրվածքով օգտվում է ավելի քան 1 միլիոն ակտիվ օգտատեր:

Facebook-ի հարթակի շնորհիվ նախորդ տարի խաղերի ավելի քան 100 ծրագրավորող վաստակել է ավելի քան 1 միլիոն դոլար: Facebook-ում խաղերի համար վճարողների քանակն ավելացել է 24 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա մարտի հետ: Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ 2012 թվականին երկու միլիարդ դոլար է վճարվել խաղեր մշակողներին:

Տեսանյութեր

Լրահոս