Թուրքիայից Իսրայելի ներողություն խնդրելը չի կարելի համարել ԱՄՆ-ի հաջողություն. Դավութօղլու

Թուրքական Haber Türk թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է «Մավի Մարմարայի» միջադեպի կապակցությամբ Թուրքիայից Իսրայելի կողմից ներողություն խնդրելուն՝ կապված Թուրքիայի 9 քաղաքացիների զոհվելու հետ.

«Իսրայելի կողմից Թուրքիայից ներողություն խնդրելը, ինչպես նաև Անկարայի կողմից բոլոր նախապայմանների կատարումը սխալ կլինի համարել ԱՄՆ-ի հաջողություն: Թուրքական ընդդիմությունը կարծում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկսվելու հաջողությունն ամբողջովին պատկանում է ԱՄՆ-ին:

Սակայն դա այդպես չէ: Եթե Թուրքիան ճնշում չգործադրեր ԱՄՆ-ի վրա, Թել Ավիվը ներողություն չէր խնդրի Անկարայից: Այն, որ Իսրայելը համաձայնել է կատարել Թուրքիայի պահանջները, առաջին հերթին հանդիսանում է թուրքական դիվանագիտության հաղթանակ:

Մոտակա օրերին Թուրքիա կայցելի իսրայելական պատվիրակությունը՝ բանակցություններ վարելու համար «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհված թուրքերի ընտանիքներին փոխհատուցում վճարելու շուրջ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի ու Իսրայելի միջև կարող է կնքված լինել  գաղտնի պայմանագիր, ըստ որի՝ Իսրայելի ներողություն խնդրելու պարագայում Թուրքիան Սիրիայի և Իրանի հարցում  արդեն դաշնակցելու է Իսրայելի հետ: Լողօղլուն հավելել է, որ միևնույն ժամանակ վարչապետ Էրդողանը Սիրիայի հասցեին խիստ  հայտարարություններով հանդես գալու երաշխիքներ է տվել:

Տեսանյութեր

Լրահոս