Հայաստանի հավաքականին չհաղթելու դեպքում հրաժարական կտամ. Միխալ Բիլեկ
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի և թիմի ավագ Թոմաշ Ռոսիցկու նախախաղային մամուլի ասուլիսը:
Միխալ Բիլեկը խոսեց Դանիայից կրած պարտության մասին և շեշտեց, որ Հայաստան են եկել միայն հաղթանակի համար:
«Մենք, իհարկե, գիտենք` ինչ դրության մեջ ենք հայտնվել Դանիային պարտվելուց հետո, և ամեն ինչ անելու ենք մեր սխալներն ուղղելու համար: Մեզ համար ընդունելի արդյունքը միայն ու միայն հաղթանակն է»,- ասաց Բիլեկն ու հավելեց, որ թիմի կազմը կորոշի երեկոյան մարզումից հետո:
Բիլեկը հաստատեց մամուլում տարածված լուրերը, որ Հայաստանի հավաքականի հետ խաղում չհաղթելու դեպքում ինքը պաշտոնանկ կլինի:
«Հավաքականի ղեկը ստանձնելու օրվանից ինձ վրա ճնշում կա, բայց Դանիային պարտվելուց հետո այն հասավ գագաթնակետին: Եթե վաղը չհաղթենք՝ կորցնում ենք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հնաավորությունը, և ես հրաժարական կտամ, բայց չեմ մտածում ապագայիս մասին. ամբողջությամբ կենտրոնացած եմ վաղվա հանդիպման վրա: Վստահ եմ, որ հաղթելու ենք»,- ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի հավաքականին՝ Բիլեկը նշեց, որ այնտեղ տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստներ են խաղում, և որպես օրինակ՝ մատնանշեց Հայաստան-Իտալիա հանդիպումը և ասաց, որ Չեխիային բարդ հանդիպում է սպասվում:
Հիշեցնենք, որ Հայաստան – Չեխիա հանդիպումը կկայանա վաղը ժամը 20:00-ին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը