Բաժիններ՝

Մարիաննա Հարությունյան. «Զարմանալի զգացողություն է, երբ տեսնում եմ` ինչպես են ուրիշները հաճույք ստանում իմ պատրաստած զարդերը կրելիս» (ֆոտոշարք)

ԱՄՆ-ում բնակվող հայազգի դիզայներ Մարիաննա Հարությունյանը զարդեր է պատրաստում համաշխարհային մեծության այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են` Նիքի Մինաժը, Շերը, Փինկը, Ջասթին Բիբերը, Լեդի Գագանև այլք։

Զարդեր պատրաստելու համար նրան են դիմում նաև Disneyland-ից, ինչպես նաև True Blood ու Dancing With The Stars նախագծերից։

168.am-ի հետ զրույցում Մարիաննան պատմում է, որ ինքն ու իր ընտանիքը ԱՄՆ են տեղափոխվել 1979 թվականին։  «Ես սկսել եմ զարդեր պատրաստել վաղ տարիքից` մոտավորապես հինգ տարեկանից։ Իմ առաջին աշխատանքը մի մատանի էր, որը պատրաստել էի ուլունքներից։ Ես այն ընկերոջս նվիրեցի։ Փոքր տարիքում ես դիզայներ դառնալու մասին չեմ էլ մտածել։ Չգիտեի` կյանքում ի՞նչ եմ ցանկանում անել։ Գիտեի, որ սիրում եմ զարդեր պատրաստել»,- մեզ հետ զրույցում անկեղծանում է դիզայները։

Նրա կյանքում, իր իսկ խոսքով, մեծ դեր են ունեցել իր ծնողները: Նրանք ամեն օր օգնում և սատարում են Մարիաննային։

Կարդացեք նաև

«Ես ողջ աշխարհից շատ գնորդներ ունեմ։ Երախտապարտ և երջանիկ եմ յուրաքանչյուրի աջակցության համար։

Համաշխարհային մեծության աստղերն իմ մասին իմանում են իրենց ոճաբանների միջոցով։ Ես աշխատում եմ նրանց հետ և տալիս այն, ինչ նրանց անհրաժեշտ է՝ լուսանկարվելու, տեսահոլովակում նկարահանվելու, համերգների ժամանակ կրելու համար։

Աստղերի հետ աշխատելն ինձ համար շատ հեշտ և հետաքրքիր է։ Ես երբեք չէի մտածել, որ այս իրադրությունում կլինեմ։ Ինձ համար մեծ պատիվ է, երբ նրանք իմ աշխատանքներն են ցանկանում կրել»,- ասում է Մարիաննան։

Վերջինս այժմ աքսեսուարներ է պատրաստում Նիքի Մինաժի համար. «Սիրով կաշխատեի Մադոննայի, Բեյոնսեի և ուրիշ այլ հայտնիների հետ։ Կցանկանայի աշխատել նաև  հագուստի դիզայներների հետ` միավորելու  մեր աշխատանքները»։

Խոսելով այն մասին, թե այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարություններ է ունեցել, Մարիաննան պատասխանեց. «Տնտեսական առումով դժվար տարիներ էին, բայց ես կարծում եմ, որ այն ազդել է ոչ միայն իմ, այլև բոլորի վրա։ Համոզված եմ` ամեն ինչ կկարգավորվի»։

Հետաքրքիր է, բայց Մարիաննան՝ այդքան գեղեցիկ և ինքնատիպ զարդեր պատրաստելու հետ մեկտեղ, հազվադեպ է զարդեր կրում. «Ես սիրում եմ իմ պատրաստած բոլոր աշխատանքները, բայց դրանք հաճախ չեմ կրում։
Կան իրեր, որոնցից դժվար եմ բաժանվում։ Ես ինձ երջանիկ եմ զգում, որ անում եմ այն, ինչը սիրում եմ։ Զարմանալի զգացողություն է, երբ տեսնում եմ` ինչպես են ուրիշները հաճույք ստանում իմ պատրաստած զարդերը կրելիս»։

Մեր այն հարցին, թե հայ երգիչ-երգչուհիների հետ աշխատելու ցանկություն չկա՞, Մարիաննան պատասխանեց. «Միանշանակ սիրով կաշխատեմ հայ հայտնիների հետ,  ուղղակի չգիտեմ` ինչպե՞ս նրանց հետ կապ հաստատել»։

Հայազգի դիզայների նպատակն է՝ լինել հաջողակ, բարձր որակներով ընկերություն ստեղծել և ողջ աշխարհով մեկ խանութներ ունենալ։

«Ցանկանում եմ, որ իմ ընտանիքը հպարտ լինի։ Ես ուզում եմ ապրել ու աշխատել և ոչ թե՝ չաշխատել ու ապրել։
Իմ տունը Լոս Անջելեսն է, այստեղ եմ ես մեծացել, բայց ես կցանկանայի այցելել այն գեղեցիկ քաղաքը, որտեղ ծնվել եմ»,- ասաց Մարիաննա Հարությունյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս