ԲՀԿ-ն սպառնում է ավելի ուժգին պատասխանել

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ  ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանն անդրադարձան ՀՀԿ-ականների կողմից՝ ԲՀԿ-ի հասցեին հնչող վիրավորանքներին:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունների առնչությամբ, թե ԲՀԿ-ն խաղից դուրս գտնվող քաղաքական ուժ է, որն անլուրջ համարեց նախագահական ընտրություններին չեզոք դիրք գրավել և որևէ բացատրություն չտալն իր ընտրողներին, այնուհետ՝ Վ. Օսկանյանին համեմատեց ֆուտբոլիստների հետ, Ն. Զոհրաբյանն ասաց. «Եթե մենք քաղաքականությունիդ դուրս մնացած լինեինք, ձեր նշած գործչի քաղաքական թիմն իր ողջ պոտենցիալը՝ ինտելեկտուալ, ֆինանսական, մարդկային ողջ ռեսուրսները չէր ներդնի տարբեր սոցիալական ցանցերում, տարբեր հարթակներում «Բարգավաճ Հայաստանի» դեմ պատվիրովի, հորինովի հոդվածներ պատվիրելով»:

Ն. Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ի հանդեպ ոչ կոռեկտ ձևակերպումները, ապատեղեկատվությունը, խեղաթյուրումն արժանանալու է ավելի ուժգին պատասխանի:

«Դրանում որևէ մեկը թող չկասկածի, և կարծում եմ՝ իրենք տեսնում են՝ ցանկացած ապատեղեկատվություն, ցանկացած վիրավորանք արժանանալու է համարժեք պատասխանի: Մենք ինքներս երբեք որևէ մեկին վիրավորելու նախաձեռնությամբ հանդես չենք եկել»,- նշեց Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ ԲՀԿ-ին վիրավորելու դեպքում այդ վիրավորանքները կրկնակի կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս