Րաֆֆի Հովհաննիսյանը` Սերժ Սարգսյանին. «Եթե մենք հավաքենք 100.000 հոգի, ինքը նեղություն կքաշի՞»

«Ես ցավում եմ, թե պարոն Սարգսյանին թվում է, թե վիշտ եմ պատճառել, որը ինքը հարմար է նկատել ծաղրել իմ բարևը, իմ ժպիտը և ավելի վատ` ծաղրել ժողովրդի քվեն»,- այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց շարունակվող ընդդիմադիր շարժման առաջնորդ, հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով երեկ նախագահի նստավայրում կազմակերպված մամլո ասուլիսին գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին:

Մասնավորապես Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ կազմակերպված հանրահավաքների ասել էր. «Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է 3000 մարդ: Նախ ես վստահություն չունեմ, որ նրանք բոլորը, մինչև վերջին մարդը քվեարկել են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին»:

Սա Սերժ Սարգսյանը համեմատել է 2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կազմակերպված հանրահավաքների հետ` նշելով, որ 2008 թվականին «մինչև 30 հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում` լսելու այն թեկնածուի ճառը, որ տարել էր 300 հազար ձայն»:

«Այսինքն գոնե այս դեպքում հավաքվեց ընտրողների 10 տոկոսը: Որտեղ 10 տոկոսը, որտեղ 0.1 տոկոսը…»,- նշել էր նա:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունները` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Արդեն մտնելով թվաբանական վերլուծությունների մեջ, թե քանի հոգի կա կանգնած հրապարակում, ինքն ասում է 3000, մի՞թե: Ես ևս ունեմ տեսողության խնդիրներ, երկուսս ունենք, բայց կարծում եմ, որ չարժե այդքան իջնել 3000-ների մեջ»:

«5 տարի առաջ ընդդիմադիր հիմնական թեկնածուն 30.000-ից շատ ավելի ուներ, և մենք այս հրապարակում 3000-ից բազմաթիվ անգամներ շատ մարդ ենք հավաքում, թեև ես ի սկզբանե ասել եմ, որ մեր չափանիշը թե´ քանակն է, թե´ որակն է: Հիմա պարոն Սարգսյանն ի՞նչ է ասում դրանով, որ եթե մենք հավաքենք 100.000 հոգի, ինքը նեղություն կքաշի՞ և կգա՞ բանակցությունների կամ այցելության, ինքն ուզո՞ւմ է, որ մենք փաստենք իրեն, որ կարող ենք հրապարակում հավաքել 100.000 մարդ, որ ինքը տպավորվի՞ դրանով: Սա՞ է իր ասածը:

Հուսով եմ, որ ոչ, որովհետև, ինչպես ասել եմ բազմաթիվ անգամներ, հայ ժողովրդի հաղթանակը պաշարել է Բաղրամյան 26-ը և պարոն Սարգսյանին, պաշարվել են: Մենք անպայման չէ, որ հրապարակում պիտի փաստենք մեր մեծաքանակ հաղթանակը, մենք ամեն տեղ ենք` փողոցներում, ավտոբուս նստելիս, համերգ վայելելիս, շրջաններում լինելով, համալսարաններում: Ամենուր է հաղթանակը»,- շեշտեց «Բարևի» հեղափոխության առաջնորդը:

«Հաստատ մի բան կարող եմ ասել. եթե ինքը կարծում է, թե 30.000-ը տպավորիչ է, ինչը վերագրում է Հայաստանի առաջին նախագահին, որը շատ ավելի էր քան դա 5 տարի առաջ, ուրեմն թող սպասի այդ ավելիին, բայց դա միակ գրավականը չէ, այդ գրավականը մեր ժողովուրդն արդեն կյանքի կոչեց փետրվարի 18-ին»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս