Բաժիններ՝

Արամ Սարգսյան. Թող Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ես այդ ժամանակ կլինեմ իր ընդդիմությունը. մամուլ

«Նախագահական հետընտրական ընդվզումների առաջին իսկ օրվանից Ազատության հրապարակում էր նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ով գործնական քայլերի կողմնակից է: Լուրեր էին շրջում, որ Արամ Սարգսյանը ներգրավվելու է բոլոր պրոցեսներում, այդ թվում՝ ավագանու ընտրություններին ուղղված միասնական ճակատի ձևավորմանը: Բայց Ա. Սարգսյանը և «Հանրապետությունը» հրաժարվեցին այդ պայքարից: Պատճառները փորձեցինք պարզել ընդդիմադիր կեցվածքով հայտնի քաղաքական գործչից»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու ներկայացնում Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը:

-Պարոն Սարգսյան, Դուք ինչո՞ւ չմիացաք միասնական ճակատով ավագանու ընտրություններում պայքարելու գաղափարին, առավել ևս, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու միակ լուծումն էր համարվում:

-Մենք գտնում ենք, որ քանի դեռ ՀՀ ժողովուրդը գալիս է Ազատության հրապարակ, և այդ հրապարակը քննարկում է նախագահական ընտրությունների արդյունքները, Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին խոսելը ժամանակավրեպ է, մենք գտնում ենք, որ էստեղ հավաքված մարդիկ եկել են իրենց քվեին տեր կանգնելու համար և ոչ թե Երևանի նոր քաղաքապետի ընտրությունների, և այդ առումով մենք որևէ դաշինքների, որևէ խմբի հետ միասնական ճակատով մասնակցությունը համարում ենք սխալ և ժամանակավրեպ:

-Այսինքն, Դուք պայքարը հետաձգում եք և պատրաստվում 2017-2018-ի ընտրական ցիկլի՞ն:

-Գիտեք ինչ, այսօրվա հետընտրական պրոցեսները վերածել նախընտրական պրոցեսների, ձեռնտու է միայն իշխանությանը, և սա պիտի հասկանան բոլոր ընդդիմադիր ուժերը, առավել ևս «Ժառանգություն» կուսակցությունը, որի առաջնորդը նստած է հրապարակում: Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանն առաջինը հրապարակեց իր այդ ցուցակը և իրեն ենթակա լրատվամիջոցներով սկիզբ դրեց նախընտրական պրոցեսին: Հիմա տեսեք, թե այս դաշտում ինչ է կատարվում: Այստեղ եկող հասարակությունը գալիս է նախորդ ընտրություններում իր գողացած քվեի համար: Իսկ հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանը երեք խնդիր էր դրել իշխանության առջև՝ ճանաչել ընտրության արդյունքները, պատժել ընտրակեղծարարներին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Քանի դեռ այս երեքից որևէ մեկը չի կատարվել, ո՞րն է այն երաշխիքը, որ առաջիկա քաղաքապետի ընտրություններն արդար կլինեն: Երբ որ մարդիկ գնում-գալիս են ու տեսնում են, որ այս հրապարակում են քննարկվում այդ ցուցակները, թե ով ում հետ է գնալու, ըստ այդմ մարդիկ սկսում են չգալ հրապարակ, քանի որ իրենց խնդիրն այլ հարթության վրա է:

-Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում «Ժառանգությանը», պարոն Սարգսյան:

-Ես առաջարկել էի երեք քայլ, իհարկե, առաջին քայլն արդեն արված էր, երբ ես առաջարկեցի: Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն նստել էր հացադուլի, ամբողջ խնդիրը նրանում էր, որ արդեն այդ որոշումը կար, և տեսակետ ասելն այդ մասին երկրորդական էր, հետևաբար, որպեսզի այդ հացադուլը դառնար քաղաքական, պետք էր քաղաքական քայլեր արվեին, և առաջին հերթին պետք է աներ «Ժառանգություն» կուսակցությունը: Խորհրդարանում ներգրավված բոլոր ընդդիմադիր ուժերն արել են հայտարարություն, որ էս մեծամասնության պարագայում խորհրդարանում որևէ խնդիր լուծելն անհնարին է, այսինքն՝ ընդունել են, որ էնտեղ անհնար է գործ անել:

-Եվ ի՞նչ պետք է անեն:

-Թող դնեն մանդատներն ու գան էս հրապարակ: Թող հայտարարեն, որ հաջորդ հանրահավաքին «Ժառանգությունից» հինգ պատգամավոր գալու է հրապարակ ու բացատրելու, թե ինչու է վայր դրել մանդատները: Ու դուք կտեսնեք, թե ինչքան մարդ կգա այդ պատգամավորին լսելու, ու հերթ են կանգնելու այն պատգամավորները, որոնք պետք է իրենց մանդատները վայր դնեն:

-Այսինքն, Դուք 2007 թվականի մեթոդնե՞րն եք առաջ քաշում:

– Գիտեք ինչ, իշխանություն փոխելու երեք տարբերակ կա՝ ընտրություններ, եթե Դուք կասեք, որ ընտրություններով փոխվում է, ես չեմ համաձայնի, քանի որ չի փոխվում: Ոչ մի իշխանություն արդար ընտրություն չի անում, ու եթե այս տենդենցով զարգանանք, առնվազն մի քսան ընտրություն էլ արդար չի լինի: Երկրորդ, ներիշխանական հեղափոխություն, որի հնարավորությունը՝ որպես ընդդիմություն, մենք չունենք, որ ներսում հեղաշրջում անենք: Դա մերը չի, մնում է հեղափոխություն:

-Բայց «Ժառանգության» առաջնորդը նախընտրել է թավշյա հեղափոխությունը: Այդ ճանապարհն արդյունավե՞տ է:

-Թավշյա հեղափոխություն ասածը տարբերվում է «Ավրորա» հածանավի կրակոցից, ես մի քայլանի տարբերակը չեմ առաջարկում, կրակեցին ու գնացին: Կա հասարակական այնպիսի մի զանգված, որի պարագայում աշխարհի ցանկացած երկրում բանակը շրջվում է ժողովրդի կողմ: Ոստիկանությունը, ուսանողը, այդ դեպքում որևէ մեկն իշխանության հրահանգը չի կատարում, քանի որ մյուս կողմում է իր եղբայրը, իր հորաքույրը, պապն ու ընկերը, այս պարագայում տեղի են ունենում թավշյա հեղափոխություններ: Այսինքն, ցանկացած շարժման խնդիրն է՝ ունենալ ժողովրդի մաքսիմալ քանակ և այդ պարագայում խնդիրներ դնել իշխանության առաջ: Մաքսիմալ քանակ ունեցել ենք 2003 թվականի փետրվարի 20-ին, և այդ ժամանակ այդ խնդիրը լուծեց մի քայլ: Ռոբերտ Քոչարյանը, ով հայտարարել էր, թե առաջին փուլով հաղթել է, հեռուստատեսությամբ ու բանագնացների միջոցով հայտարարեց, որ երկրորդ փուլ են գնում: Սա ուրիշ խնդիր էր, լիդերն ընդունում է այդ առաջարկը. լիդերը չի ընդունում առաջարկը և լրացուցիչ առաջարկներ ու պահանջներ է դնում, խնդիրը լիդերինն է: Րաֆֆի Հովհաննիսյանն իր մոտեցումներն ունի, ես՝ իմ: Ես հասկանում եմ, որ սպիտակ ձեռնոցներով հեղափոխություններ չեն լինում:

-Այդ մոտեցումների պատճառով է, որ ընտրողներից տասն անգամ պակաս մարդ է գալիս հրապարակ:

-Բոլոր չորս նախագահական ընտրություններին ժողովուրդը տեր է կանգնել իր քվեներին, եկել է հրապարակ, ասել է՝ քաղաքական գործիչ, ասա ինչ անեմ, ինձ մեղադրում են, թե ասել ես գնանք Բաղրամյան, մի անգամ էլ տարար ապրիլի 12-ին: Ես հպարտանում եմ դրանով, ոչինչ էդ դեպքերը, բայց ես ցույց տվեցի, որ իմ խոսքը պահում եմ, մոտեցում է: Մեկ ուրիշը կարող է ասել՝ ես չեմ ուզում որևէ մեկի քթից արյուն գա, սա էլ մոտեցում է, եթե դա ուղիղ ասում ես, հարգանքի է արժանի: Բացի նրանից, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն արել է՝ հացադուլը, որը ծանր քայլ է, բայց դա պետք է վերածվի քաղաքական քայլի, որը պետք է անի իր թիմը՝ դնելով մանդատները, որից հետո դրան պիտի միանա ՀԱԿ-ը: Եթե ամբողջությամբ չմիանա, ես համոզված եմ՝ կլինեն պատգամավորներ, որոնք կմիանան: Եթե նրանք միացան, ի՞նչ է անելու Դաշնակցությունը… Այսինքն, քաղաքական հաջորդական քայլեր է բերելու, սա է ելքը: Պետք է կարողանալ գեներացնել հասարակության լայն զանգվածների: Ես եկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, իմ խորհուրդը տվել, ես ինքս, որ մանդատ եմ դրել, իրավունք ունեի նման բան ասել, մեկ ուրիշը, որը չի դրել, չի կարող խորհուրդ տալ, խոցելի է: Ես չեմ տուժել դնելուց հետո, ոչ էլ հարգանքն է իմ նկատմամբ պակասել: Դրեք այդ մանդատները ու կմտնեք ժողովրդի աչքը: Ցույց կտաք, որ դուք պայքարում եք քվեի համար, հետագայում պատգամավոր ընտրվելու ռեալ հնարավորություն է դա:

-Ձեր խորհուրդն ընդունվե՞ց մանդատ դնելու մասով:

-Դե, ասում են՝ չգիտենք էդ մանդատ դնելն ինչ կտա, բա որ այնտեղ քվեարկելով չգիտեք, թե դա ինչ կտա, մնում եք՝ ի՞նչ անեք:

-Թեև Ձեր խորհուրդները կյանքի չեն կոչվել, քաղաքական տարաձայնություններ ունեք իրենց հետ, ի՞նչն է Ձեզ բերում հրապարակ:

-Եթե ասել եմ, որ սատարում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին այս գործընթացի մեջ, գալու եմ, եթե հիշում եք, նա այստեղ, երբ դրոշը բռնել կանգնել էր, նա կուսակցություն չուներ, միակ կուսակցությունը «Հանրապետություն» կուսակցությունն էր: Այսինքն, այն մարդը, ով որ արդար, ժողովրդի համար քայլ է ուզում, մենք նրա կողքին ենք: Ինչ վերաբերում է Ձեր նշած քաղաքական տարաձայնություններին, միանշանակ ունեմ, բայց թող Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ես այդ ժամանակ կլինեմ իր ընդդիմությունը, քանի որ իր արտաքին քաղաքականության ու ներքաղաքական մոտեցումները, մասնավորապես սահմանադրական հանրաքվեի ու կառավարության փոփոխության առումով, ես չեմ կիսում: Ես աշխատում եմ ասել բաներ, որոնք կավելացնեն շարժման քանակը, ես չեմ ասում բաներ, որոնք կպակասեցնեն շարժման քանակը, ես դրա մասին խոսում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, այլ բան է՝ դուր կգա, թե ոչ: Ուզում եմ, որ ժողովուրդը հույսը չկտրի ու պատրաստվի Երևանի ընտրություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս