
ԽՍՀՄ-ում Թուրքիայի նախկին դեսպանն առաջարկում է 2015 թվականին ընդառաջ բացել Հայաստանի հետ սահմանը

Թուրքական Haber7 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ թուրք պաշտոնաթող դիվանագետ, Մոսկվայում Թուրքիայի նախկին (1988-1993) դեսպան, ներկայումս Թուրքիայի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի խորհրդի (TÜSİAD) անդամ Վոլքան Վուրալը շարունակում է պնդել, որ թուրքական կողմը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից:
Նա մասնավորապես կրկնել է իր վաղեմի պնդումներն այն մասին, որ Անկարան պետք է ներողություն խնդրի հայերից՝ դրա հետ մեկտեղ չճանաչելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը:
Վուրալը հայտարարել է. «Այդ հողերում (Արևմտյան Հայաստան) ապրել է մոտ մեկ միլիոն հայ: Նրանք այդ հողերի զավակներն են: Տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ: Ոմանք դա անվանում են ցեղասպանություն, ոմանք էլ՝ աղետ: Ես կարծում եմ, որ դա տեղահանում և աղետ է:
Իհարկե, այն ժամանակվա օսմանյան պետությունը մեղավոր է, և այդ մեղավորության համար կարելի է ներողություն խնդրել: Իհարկե, հայերը նույնպես մեղավոր են: Ես համաձայն չեմ, թե այս հարցը պետք է թողնվի պատմաբաններին, սա քաղաքական հարց է, որը պետք է լուծեն քաղաքական գործիչները:
Կարելի է ներողություն խնդրել, իսկ զոհվածների ու վտարվածների թոռներին դիմել կոչով, թե սրանք նաև ձեր հողերն են, եկեք այստեղ, ձեզ համար նույնպես տեղ կա այստեղ: Եկվորներին կարելի է քաղաքացիություն տրամադրել: Կարծում եմ, որ այդ կոչին կարձագանքի ոչ այդքան շատ մարդ՝ 500-600.000 մարդ»:
Վուրալը հավելել է, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը մինչև 2015 թվականը, երբ կնշվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ ընդգծելով, որ սահմանի բացումը կարևոր գործոն կհանդիսանա երկկողմանի առևտրի ոլորտում և դրական դեր կխաղա Թուրքիայի արևելյան շրջանների զարգացման մեջ: