
Ստամբուլում իրականացվել է DHKP-C-ի գործով ձերբակալությունների հերթական ալիքը (լուսանկարներ)

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 06.00-ին Ստամբուլում իրականացվել է «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) գործով ձերբակալությունների հերթական ալիքը:
Ստամբուլի անվտանգության ծառայության Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն առավոտյան Ստամբուլի տարբեր վայրերում իրականացրել են հակաահաբեկչական գործողություններ: Նրանց աջակցել են ոստիկանության հատուկջոկատայինները:
Այդ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 13 մարդ, որոնցից 6-ը կանայք են: Բացի այդ, առգրավվել է մեծ քանակությամբ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլը գրել էր, թե նախորդ տարի DHKP-C-ն մահափորձ էր ծրագրել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ, որին միայն վերջին պահին էր հաջողվել փրկել: Դրանից առաջ էլ հաղորդվում էր, թե DHKP-C-ն է ստանձնել փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան ծառայողական մուտքի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը: