
Թուրքիայի 28 նահանգներում DHKP-C-ի գործով առավոտյան ձերբակալվել է 167 մարդ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայում իրականացվել է ահաբեկչական հռչակված «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) գործով ձերբակալությունների ալիք:
Առավոտյան թուրքական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները միանգամից 28 նահանգում այցելել են բազմաթիվ հասցեներ և իրականացրել են ձերբակալություններ: Բացի այդ, ստուգվել են ձերբակալվածների տներում եղած համակարգիչները:
Ձերբակալություններն իրականացվել են Անթալիայում, Իզմիրում, Անկարայում, Այդընում, Հաթայում, Մերսինում և այլուր: Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 167 մարդ, որոնցից 33-ը՝ Անկարայում:
Հիշեցնենք, որ DHKP-C-ն էր ստանձնել փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան ծառայողական մուտքի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր դեսպանատան պահպանության աշխատակիցը և վիրավորվել էր մի այցելու: Մահապարտ ահաբեկիչը նույնպես զոհվել էր: DHKP-C-ն հիմնադրվել է 1994 թվականի մարտի 30-ին: