Բաժիններ՝

Նախորդ տարի Էրդողանը միայն վերջին պահին է փրկվել իր դեմ ծրագրված մահափորձից

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ նախորդ տարի միայն վերջին պահին է հաջողվել կանխել վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ ծրագրված մահափորձը: Դրա մանրամասները հայտնի են դարձել միայն այժմ:

Միջադեպը գրանցվել է Էրդողանի տան մերձակայքում, ուր վերջին պահին ձերբակալել են Էրդողանի դեմ մահափորձ ծրագրած «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) խմբավորման 6 զինված անդամի:

Հատուկ ծառայությունները DHKP-C-ի անդամներին հետևել են շուրջ մեկ տարի: Պարզելով, որ նրանք ավարտել են Էրդողանի դեմ ծրագրած մահափորձի նախապատրաստական աշխատանքները՝ հատուկ ծառայությունները ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ:

Ձերբակալվածներից մեկի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Էրդողանի տան սխեման: Հատուկ ծառայություններն այժմ որոնում են DHKP-C-ի մյուս անդամներին:

Հիշեցնենք, որ DHKP-C-ն էր ստանձնել փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան ծառայողական մուտքի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը, ինչի հետևանքով զոհվել էր դեսպանատան պահպանության աշխատակիցը և վիրավորվել էր մի այցելու:

Մահապարտ ահաբեկիչը նույնպես զոհվել էր: Դրանից օրեր անց Թուրքիայի 28 նահանգներում իրականացված հատուկ գործողությունների ժամանակ DHKP-C-ի գործով ձերբակալվել էր 167 մարդ: DHKP-C-ն հիմնադրվել է 1994 թվականի մարտի 30-ին:

Ի դեպ, հունվարի վերջին թուրքական մամուլը գրեց, թե  վերջին 10 տարիներին Էրդողանի կյանքը սպառնալիքի տակ է հայտնվել նվազագույնը 100 անգամ: 2002-2012 թվականներին Թուրքիայի հատուկ ծառայությունները բացահայտել են Էրդողանի դեմ 100 մահափորձի նախապատրաստություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս