
Ուգո Չավեսի դիակի զմռսման գործընթացը կարող է ձախողվել. Նիկոլաս Մադուրո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հնարավոր է՝ չհաջողվի զմռսել Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի դիակը: Այս մասին հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն.
«Գիտնականների կարծիքները վկայում են, որ դա շատ դժվար կլինի անել, քանի որ պետք էր այդ մասին որոշումն ընդունել ավելի վաղ: Մենք ամենայն պատասխանատվությամբ պետք է այս մասին հայտնենք ժողովրդին:
Չավեսի դիակը զմռսելու մասին որոշումը կայացվել է մի շարք երկրների առաջարկով, որոնք նախորդ շաբաթ մասնակցել էին Չավեսին հրաժեշտ տալու պետական արարողությանը:
Ռուսաստանից ու Գերմանիայից մեր երկիր են ժամանել զմսռման գծով մասնագետներ: Զմսռման գործընթացը շատ բարդ է, իմ պարտքն է հայտնել ձեզ, որ հնարավոր է՝ այն չհաջողվի իրականացնել»:
Դեռ նախորդ շաբաթ Մադուրոն հայտարարել էր, թե Ուգո Չավեսի դիակը զմռսվելու է և տեղակայվելու է Հեղափոխության թանգարանում, որպեսզի ժողովուրդը կարողանա հավերժ տեսնել նրան:
Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը կարող է դառնալ 14-րդ զմռսված առաջնորդն աշխարհում: