Մարտունու ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին մահվան ելքով վրաերթ կատարած BMW-ի վարորդին (լուսանկարներ)
Մարտունու քննչական բաժանմունքում քննիչ Քոչար Քոչարյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես Մարտունիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է մարտի 9-ին՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով: Այդ օրը՝ ժամը 00:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ատոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ-հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 37-ամյա Իշխան Գրիգորյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի:
Նույն օրը լուսաբացին Մարտունու ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վրաերթը կատարվել է BMW մակնիշի ավտոմեքենայով:
Մարտունու ոստիկանները 10-ից ավելի հասցեներ մտնելուց հետո պարզել են, որ այն կատարել է Լիճք գյուղի բնակիչ, 26-ամյա Գարիկ Մելիքյանը՝ իրեն ամրացված BMW մակնիշի 30 ՕՕ 917 համարանիշի ավտոմեքենայով և բացատրական աշխատանքների արդյունքում Գ. Մելիքյանը հաջորդ օրը՝ կեսօրին, մեղայականով ներկայացել է Ոսիկանության Մարտունու բաժին:
Հայտնաբերվել է նաև BMW մակնիշի ավտոմեքենան, որի դիմապակու վրա առկա է վրաերթի հետքը: Գ. Մելիքյանը ձերբակալվել է: