Ուրախալի է, որ Չեխիայի հետ խաղից առաջ Յուրան լավ մարզավիճակում է. Մինասյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել Sport Express-ին՝ խոսելով Յուրա Մովսիսյանի մասին։
– Ձեզ զարմացրե՞լ է Յուրա Մովսիսյանի տպավորիչ նորամուտը «Սպարտակում»։
– Թեև ես գիտեի, որ Յուրան իսկական ռմբարկու է, սակայն առաջին իսկ խաղում, իհարկե, հեթ-տրիկ չէի սպասում։ Սակայն, ընդահանուր առմամբ, նրա ցուցադրած ուժեղ և արդյունավետ խաղից զարմացած չեմ։ Հաշվի առնելով Մովսիսյանի ներուժը՝ դեռ հունվարին, երբ նա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ, վստահ էի, որ նա հաջողությամբ հանդես կգա մոսկովյան ակումբում։ Հույս ունեմ, որ Յուրան կշարունակի խաղալ նույն ոգով։
– Սակայն տրամաբանական կլիներ սպասել, որ Յուրային հարմարվելու համար ժամանակ է պետք։
– Թիմը նրա համար նոր է, սակայն չմոռանանք, որ նա շարունակում է հանդես գալ մի առաջնությունում, որտեղ արդեն 3 տարի խաղում է։
– Չկա՞ արդյոք մտավախություն, որ Յուրայի մոտ կարող է գլխապտույտ սկսվել նման հաջողությունից հետո։
– Աստված տա, որ նման բան չլինի։ Ես հույս ունեմ, որ նրա պրոֆեսիոնալիզմը դա թույլ չի տա։
– Մովսիսյանից յուրաքանչյուր խաղում սպասելիքները չափազանց մեծ են լինելու։ Դա կարո՞ղ է բացասաբար անդրադառնալ նրա խաղին։
– Ամեն բան կախված է հոգեբանությունից։ Կարծում եմ՝ այդ առումով, նա շատ պինդ տղա է։
– 2 շաբաթից Հայաստանի հավաքականը Երևանում խաղալու է Չեխիայի հետ։ Մովսիսյանի ընթացիկ մարզավիճակը լավատեսություն հաղորդո՞ւմ է ձեզ։
– Իհարկե։ Նախորդ տարվա համեմատ՝ նա ավելացրել է։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը