Մհերյանի գործով կարող են լինել նորություններ. Ա.Ահարոնյան

Փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով կարող են լինել նորություններ, սակայն տեղեկատվությանը տիրապետում է միայն նախաքննության մարմինը, որը ներկայումս ինտենսիվ աշխատում է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Տեղեկացնենք, որ Գևորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, News.am-ի հետ զրույցում անդրադառնալով որդու սպանության գործին` նշել էր, որ կծիկը քանդվում է, քանի որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնանարարականով քննչական աշխատանքները նոր խումբ է իրականացնում:

«Բավականին լուրջ գործ է արվում: Ես իմ հույսը կապում եմ այդ նոր խմբի հետ,-ասել էր նա՝ ավելացնելով,- Այստեղ բավականին լուրջ մարդիկ են խառնված: Ի սկզբանե, հենց առաջին իսկ օրվանից գործը շեղել են: Բացի այդ հնարավոր է եղել սպանությունը կանխել, ինչը չեն արել: Հետեւաբար` չի բացառվում, որ նոր քրեական գործեր էլ հարուցվեն»:

Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009 թվականի փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երևանի Բարբյուս փողոցի 65 շենքի  7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։

Տեսանյութեր

Լրահոս