Նոր մանրամասներ Գավառի ավտովթարից. վիրավորների թիվը հասել 5-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ երեկ՝ մարտի 10-ին, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի գերեզմանոցի ճանապարհին վթարի ենթարկված «ՊԱԶ 672» մակնիշի՝ 03 36 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, «Գավառ-Տրանս» ՍՊԸ-ում որպես վարորդ աշխատող, 67-ամյա Սամվել Դվոյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Գավառի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 3 հոգի:
Այսօր՝ մարտի 11-ին, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել նաև Արծվաքար թաղամասի բնակիչներ 48-ամյա Ասպրամ Մանուկյանը և 62-ամյա Մարիետա Ավետիսյանը:
Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արծվաքար թաղամասի գերեզմանի ճանապարհին «ՊԱԶ» մակնիշի 03 36 Լ համարանիշի ավտոմեքենայի վարորդը գերեզմաններ բարձրանալու ճանապարհին կողաշրջվել էր:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսում գտնվող Արծվաքար թաղամասի բնակիչներ՝ 59-ամյա Զաբել Բաբայանը, 30-ամյա Նելի Նազարյանը և Աբովյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Անուշ Թարխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գավառի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ավտոբուսը հաշվառված էր Գավառ քաղաքի «Գավառտրանս» ՍՊԸ–ի հաշվեկշռում: Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը Գավառի ոստկանապետ Կարեն Նիկոյանի գլխավորությամբ վթարի վայրում պարզում էին վարորդի ինքնությունը:
Վիրավորներին՝ թվով 22 հոգու, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Գավառի ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները:
Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ ավտոբուսի մեջ էլի են մարդիկ եղել, ովքեր մեկնում էին գերեզմանոց: Բարեբախտաբար վթարը ողբերգական ավարտ չի ունեցել:
Ժամանել էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքի աշխատակիցները, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի