Վրաերթի հեղինակը «Բենթլի»-ի 16-ամյա վարորդն էր (լուսանկարներ, տեսանյութ)
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է մարտի 3-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վրաերթ վթարի ժամանակ վրաերթ կատարող վարորդի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` մարտի 7-ին, ՃՏՀԸ քննության բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 16-ամյա Կարեն Վարդանյանը, ով հայտնել է, որ մարտի 3 ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Տիգրան Մեծի թիվ 76 շենքի դիմաց վրաերթը կատարել է ինքը` իր կողմից վարած «Բենթլի» մակնիշի՝ 77 RA 777 համարանիշի ավտոմեքենայով:
Ու քանի որ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել և տեղի ունեցած վրաերթից վախեցել էր, հեռացել է վրաերթի վայրից, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններին 27-ամյա Արման Վարդանյանը հայտնել էր, որ «Բենթլի»-ն վարել է ինքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնում պարզվել էր մարտի 3-ին Երևանում տեղի ունեցած վրաերթ-վթարի հետևանքով մահացած քաղաքացու ինքնությունը:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով մահացածը Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Ավետիս Արզումանյանն էր, ով վրաերթի էր ենթարկվել «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենայի կողմից և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ոստիկանության քննչական վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանի կողմից մարտի 3-ին, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված քրեական գործը հարուցվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի դիմաց տեղի ունեցած ավտովթար-վրաերթի փաստով:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ բախվել էին Արցախի փողոցի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Բենթլի» մակնիշի՝ 77 RA 777, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Հայրապետյանի վարած «Նիսան Մաքսիմա» մակնիշի՝ 27 ՕՕ 376 և Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 22-ամյա Վռամ Բաղդասարյանի վարած «Կռայսլեր» մակնիշի՝ 80 QO 777 համարանիշի ավտոմքենաները:
Վթարի արդյունքում «Կռայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վրաերթի ենթարկվածը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էր:
Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ:
Ժամանել էր նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Կարեն Ստեփանյանը:
Մինչ ոստիկանների ժամանումը ինչ-որ երիտասարդներ «Բենթլի»-ի վրայից հանել էին համարանիշները:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «Բենթլի»-ն պատկանում է հեղինակություն համարվող Վստրեչի Ապերի եղբոր տղային, ով էլ եղել էր ղեկին:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվել էին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ պարզելու վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի