Հայաստանի կանանց 34,5 տոկոսը աղքատ է
2013 թ.-ին, ՄԱԿ-ի որոշմամբ, մարտի 8-ը ողջ աշխարհում նշվելու է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի նշանաբանի ներքո:
«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մեծագույն սիրով շնորհավորում է կանանց և աղջիկներին մարտի 8-ի՝ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ, և մաղթում այնպիսի աշխարհ, որտեղ նրանց հսկայական ներուժն իր լիարժեք արտահայտությունը կստանա, որտեղ նրանք սիրված և փայփայված կլինեն տարվա բոլոր օրերին և որտեղ մայրությունն ապահով և անվտանգ կլինի»,-մասնավորապես ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Գրասենյակը ներկայացնում է նաև Հայաստանի կանանց վերաբերյալ որոշ տվյալներ: Ըստ այդմ, Հայաստանի կանայք ավելի երկար են ապրում` միջինում գրեթե յոթ տարի ավելի, քան տղամարդիկ՝ համապատասխանաբար 77,5 և 70,7:
Ավելի քիչ են ծնվում. հղիության սեռով պայմանավորված` արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1 400 աղջիկ:
Հայաստանում կանայք գնալով ավելի ուշ են ամուսնանում. եթե 2001 թ.-ին նրանց ամուսնական միջին տարիքը 22,8 էր, ապա 2011-ին՝ 25: Ընդ որում, որքան կրթված են, այնքան ուշ են ամուսնանում:
Երեխաներ շատ ուզում են, քիչ ունենում. եթե 1970-ականներին մեկ հայաստանցի կնոջը բաժին էր ընկնում միջինը երեք երեխա, ապա այժմ՝ ուղիղ կեսը կամ, այլ կերպ ասած, երկու կին են ունենում միջինը երեք երեխա: Բայց իդեալական համարում են մեկ կնոջ 2-3 երեխա ունենալը:
Անպտղության ցուցանիշը Հայաստանի կանանց համար բարձր է՝ 16,8 %, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%):
Հայաստանի կանայք տնային տնտեսությանը և երեխաների խնամքին տրամադրում են մոտ 5 անգամ ավելի ժամանակ, քան տղամարդիկ:
Գրադարանների ընթերցողների մոտ երկու երրորդը կանայք և աղջիկներն են:
Երկրի յուրաքանչյուր երրորդ կին կամ կանանց 34,5 տոկոսը աղքատ է:
Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության: