Սարյանի պուրակի կանայք էլ ՀԱԿ անդամ կդառնան

«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնությունը  երկուշաբթի լիագումար նիստ  կհրավիրի, որպեսզի նախաձեռնության այն անդամները, ովքեր ցանկանում են անդամագրվել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, հնարավորություն ունենան դիմում ներկայացնել:

Նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանը  168.am-ի հետ զրույցում ասաց, որ իր նախաձեռնությունից «ՀԱԿ»-ին անդամագրվելու 50-ից ավելի դիմումներ արդեն կան: Նրա խոսքերով, ստեղծվելիք  «ՀԱԿ» կուսակցությանն անդամագրվելու դիմումներ ոչ միայն իր նախաձեռնության անդամներն են ներկայացրել, այլ նաև բազմաթիվ անկուսակցականներ:  Զոյա Թադևոսյանը տեղեկացրեց, որ « ՀԱԿ»-ին միանալու ցանկություն են հայտնել «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, «ԼՏՊ»-ն, «Հաղթանակ» խումբը, Սարյանի պուրակի կանայք:  ՀԱԿ դաշինքի անդամ մյուս կուսակցությունները, Զոյա Թադևոսյանի  խոսքերով, առայժմ չեն փոխել իրենց դիրքորոշումը «ՀԱԿ»-ին անդամագրվելու հարցում, բայց համագործակցությունը կշարունակվի: «Մենք համագործակցության այլ ձևաչափ կգտնենք, որպեսզի մնացած ՀԱԿ անդամների հետ  լինի համագործակցություն: Ես վստահ  եմ, որ մեր նախկին կապը չենք կորցնի»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ՀԱԿ  համախոհների , մասնավորապես, Սարյանի պուրակի կանանց ներկայությունը Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին՝ այն դեպքում, երբ  ՀԱԿ-ը չի սատարում Րաֆֆի Հովհաննիսյանին, Զոյա Թադևոսյանը պատասխանեց, որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում դրանում, ավելին՝ խրախուսում են ակտիվ քաղաքացիական կեցվածքը: «Դա ազատ քաղաքացու կամքն է, ո՞վ իրավունք ունի ասել մարդուն՝ լինել այստեղ, կամ՝ այնտեղ մի գնա, ընդհակառակը՝ ընդդիմադիր ուժերը իրար պետք է նեցուկ լինեն»,- նշեց «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս