Որդեգրման ընթացակարգը պարզեցվում է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում  իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ հնարավորինս պարզեցվում է որդեգրման ընթացակարգը, ՀՀ օրենսդրության դրույթները համապատասխանեցվում են միջազգային որդեգրման գործընթացին և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային, հստակեցվում են կենտրոնական մարմնի լիազորությունները, ամրագրվում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկատվության ստացման դրույթներ։ «Մենք պայմանավորվել ենք, որ այս տարի լրացուցիչ ուսումնասիրություն կկատարենք, որպեսզի իսպառ վերացնենք բոլոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք այդ բնագավառում առկա են, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կենտրոնական մարմնում կոռուպցիոն ռիսկ չկա, հիմնական կոռուպցիոն ռիսկերը ներքին օղակներում են»։ Վարչապետն ստացել է ՀՀ արդարադատության նախարարի հավաստիացումը, որ վերջին որոշումները նպաստելու են, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը վերանան։ Բացի այդ, արտասահմանյան երկրներում ՀՀ դեսպանությունները հաշվառում են իրականացնում, թե այդ երկրներում կան արդյոք Հայաստանից որդեգրված երեխաներ։ Հարցի շահագրգիռ քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ սփյուռքի նախարարները։

Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով լրացումներ` գործադիրը սահմանել է, որ պետական կառավարման մարմիններում և նրանց ենթակայությամբ գործող ԾԻԳ-երում և ՊՈԱԿ-ներում թափուր պաշտոնները (բացառությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների) համալրելու համար հայտարարված մրցույթներում երկուսից քիչ դիմող լինելու դեպքում այդ մրցույթը համարվում է չկայացած և ընդհանուր հիմունքով հայտարարվում է նոր մրցույթ։ Այսպիսով, աշխատակազմերը կհամալրվեն մրցակցության հիման վրա, մրցույթները կանցկացվեն միայն երկու և ավելի դիմորդի դեպքում։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հարկային պարտավորությունից անհարկի խուսափելու դեպքերը բացառելու, հարկային հաշիվը վավերացնելու միատեսակ հնարավորություն տրամադրելու նպատակով սահմանել է, որ դուրս գրված էլեկտրոնային հաշիվը չեղյալ համարելու և էլեկտրոնային ստորագրությունը հետ կանչելու համար հարկ վճարողին տրվում է մեկ ժամ։ «Խոսքը վերաբերում է, ցավոք սրտի, այսօր Հայաստանում մեծ տարածում գտած պրակտիկային, երբ ապրանքը մատակարարվում է, փաստաթուղթը տրվում է, և եթե ընթացքում ոչ մի խնդիր չի առաջանում, ապրանքը հասնում է պատվիրատուին, փաստաթուղթը ոչնչացվում է, որի արդյունքում էլ ստվերային շրջանառության մեծ ծավալ են ձևավորվում։ Այս որոշումն էապես նվազեցնում է այդ ռիսկը», – որոշման վերաբերյալ ասել է վարչապետը։

Տեսանյութեր

Լրահոս