Հայաստանում խոզի գրիպից մահացության դեպք է գրանցվել

H1N1-ից (խոզի գրիպ) Հայաստանում ևս մեկ մահացության դեպք է գրանցվել: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մարտի 6-ին մահացել է 58-ամյա մի տղամարդ: Վերջինս դեռևս 2013-ի փետրվարի 28-ին հոսպիտալացվել էր: Ըստ առողջապահության նախարարության՝ 58-ամյա տղամարդը բժշկական օգնության էր դիմել արդեն իսկ ծայրահեղ ծանր վիճակում և սուր շնչառական անբավարարությամբ: «Հիվանդը ոչ միայն բավական ուշ էր դիմել բժշկական օգնության, այլև հրաժարվել էր հիվանդանոցային բուժումից։ Չափազանց ծանր վիճակում հայտնվելուց հետո միայն շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր հիվանդանոց»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ նախարարության տվյալների՝ դեռևս շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ մշտադիտարկումը: Ներկայումս հանրապետության մարզերում սուր շնչառական վարակներով 200 և թոքաբորբի թեթև ձևով` 96 հիվանդներ են բուժում ստանում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններում: Երևանում բուժում են ստանում սուր շնչառական վարակներով 305 և թոքաբորբի թեթև ձևով` 102 հիվանդ:

Հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը, վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը և այս օրերին օդի ջերմաստիճանի նվազումը, ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է բնակչությանը, հատկապես` խոցելի խմբերին (սիրտ թոքային անբավարարություն, երիկամային հիվանդություն, շաքարային դիաբետ, ասթմա, հղիներ, երեխաներ), գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, ԲՈՒՀ, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կամզակերպելով բժշկի այցը տուն, չշփվել գրիպանման երևույթներով անձանց հետ, չմասնակցել միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացման ու տարածման, եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ, պահպանել 2 մ հեռավորություն, պահպենել հազալու և փռշտալու վարվելակարգը, խստորեն հետևել անձնական հիգիենային, հագնվել եղանակին համահունչ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Տեսանյութեր

Լրահոս