Ֆոկուս. Թե ինչպես ԵՊՀ ռեկտորի «զորավար» օգնականը դարձավ գիտությունների թեկնածու (տեսանյութ)
Շուրջ 9 ամիս առաջ yerkir.am-ին «բախտ» էր վիճակվել ներկա գտնվել ԳԱԱ պատմության ինստիտուտում մի թեկնածուական ատենախոսության պաշտպանության: Պաշտպանողը ԵՊՀ ռեկտորի տխրահռչակ օգնական Գևորգ Մելքոնյանն էր` «Ախալքալաքցիների զորքն առաջ քաշեք» արտահայտության հեղինակը:
Գևորգ Մելքոնյանի գիտական աշխատանքի ղեկավարն էր ինքը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ատենախոսության թեման էլ ձևակերպված էր այսպես` «Կայսերական Գերմանիայի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»:
Պաշտպանության ամենասկզբից մասնագիտական հանձնաժողովի անդամներից` պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Խուդինյանը մի շարք առարկություններ ներկայացրեց` սկսելով հենց վերնագրից: Հարցն այն էր, Մելքոնյանն իր աշխատանքի վերնագրում և աշխատանքի ամբողջ տեքստում գրել էր «Կայսերական Գերմանիա»: Գևորգ Խուդինյանն էլ այն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե այդպիսի պետություն այդ ժամանակաշրջանում` 1871-1918 թվականներին, գոյություն չի ունեցել: Պետության պաշտոնական անվանումը 1871-1918 թվականներին եղել է Գերմանական Կայսրություն, որը որոշ դեպքերում անվանել են նաև կայզերական Գերմանիա: Բայց Գևորգ Մելքոնյանը վերցրել էր ու գրել` «Կայսերական Գերմանիա», այսինքն` «Կայսերական»-ը` մեծատառով` որպես հատուկ անուն, ու ս-ով, այսինքն` ճիշտ չէր ձևակերպել անգամ իր ուսումնասիրության առարկայի անվանումը:
Անցյալ տարվա հունիսի վերջին, երբ տեղի ունեցավ հիշյալ պաշտպանությունը, yerkir.am-ը հասցրել էր ճշտել, որ Գ. Մելքոնյանի ատենախոսությունը պարզապես սովորական «ֆոկուս է»: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ուսումնասիրողներ կան, որոնք զբաղվել են «Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Ով ասես` գրել է այս թեմայով` խոշորագույն գիտնականներից մինչև ամենասովորական հետազոտողները: Ու Գևորգ Մելքոնյանի դեպքում «ֆոկուս» էին արել, թեման փոխակերպել ու դարձրել «Կայսերական Գերմանիայի քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»: Դա մի ձև է, երբ, փոխելով վերնագիրը, թեմայի նյութերը քո անունից մտցնում ես աշխատանքի մեջ, վերաշարադրում ու դարձնում դիսերտացիա:
Բայց նույնիսկ այսպիսի «շահեկան» պրոցեսում թույլ էին տրվել բազմաթիվ սխալներ, ինչպես այն ժամանակ պնդում էին Գևորգ Խուդինյանը և մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Գևորգ Մելքոնյանն իր ուսումնասիրության առարկայի անունն անգամ չգիտեր:
«Գիտական» աշխատանքի ղեկավար, «ամենազոր» Արամ Սիմոնյանն այն ժամանակ կարողացավ Գևորգ Մելքոնյանին «դարձնել» գիտությունների թեկնածու: Իսկ դրանից հետո` նաև իր օգնական: Մեր տղան էլ ոգևորվեց «հաջողությունից», սկզբում սկսեց եթեր դուրս գալ, մի օր էլ` հետընտրական կրքերի ամենաթեժ պահին, դարձավ «ախալքալաքցիների զորավար»:
Մեջբերում ենք yerkir.am-ի կողմից 02.07.2012 թ.-ին հրապարակված` Գևորգ Մելքոնյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության տեսագրությունը:
Երբ ապաշնորհները ստանում են գիտական աստիճան կամ կոչում, բնական է, որ ամեն կերպ կփորձեն «վարձահատույց» լինել իրենց «գիտնական դարձրածներին»:
Աղբյուրը՝ yerkir.am