Բաժիններ՝

Ինչո՞ւ է կարևորվում կանանց դերն ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ

Ջոն Քերի

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ շաբաթվա ընթացքում պատիվ ունեցա հանդիպել Բուրմայից ժամանած մի խումբ խիզախ կանանց: Երկուսը նախկին քաղբանտարկյալներ էին, ովքեր անհավատալի զրկանքներ էին կրել իրենց կյանքում, սակայն, այնուհանդերձ, շարունակում են հետամուտ լինել աղջիկների կրթության և վերապատրաստման, գործազուրկների համար աշխատատեղեր ապահովելու և քաղաքացիական հասարակության առավել մեծ մասնակցություն ապահովելու ուղղությամբ իրենց պայքարին: Կասկած անգամ չունեմ, որ նրանք կշարունակեն լինել փոփոխությունների ջատագով՝ առաջիկա տարիներին ապահովելով առաջընթաց իրենց համայնքներում ու երկրում:

Այսպիսի առիթներն են, որ մեզ վերստին հիշեցնում են, թե ինչքան կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի կանանց իրավունքների պաշտպանության ու դերակատարման մեծացման հարցերի շուրջ աշխատանքը պետությունների, կազմակերպությունների ու անհատների հետ՝ աշխարհի տարբեր մասերում: Ի վերջո, ինչպես մեր երկրում, այնպես էլ այլուր առկա տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիրները չեն կարող լուծում ստանալ՝ առանց կանանց լիակատար մասնակցության: World Economic Forum միջազգային կազմակերպության դիտարկման համաձայն՝ այն երկրները, որտեղ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ են ապահովվում, տնտեսապես առավել մրցունակ են, քան այն երկրները, որտեղ սեռական անջրպետի արդյունքում կանանց և աղջիկների համար սահմանափակ են առողջապահական ծառայություններից օգտվելու, կրթություն ստանալու, ընտրովի պաշտոն զբաղեցնելու կամ շուկա մուտք գործելու հնարավորությունները: Նույն կերպ, ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաշվարկների, եթե գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց համար ապահովվեր սերմերի, պարարտանյութերի ու գյուղտեխնիկայի օգտագործման նույնպիսի հնարավորություններ, ինչպիսիք կան տղամարդկանց համար, ապա աշխարհում թերսնված մարդկանց քանակը 150 միլիոնից կիջներ 100 միլիոնի:

Բազմաթիվ հասարակություններում, ընտանիքներում կանայք և աղջիկները դեռ շարունակում են թերագնահատվել, չունեն դպրոց հաճախելու հնարավորություն և ստիպված են մանուկ հասակում ամուսնանալ: Չափից շատ են գենդերային բռնությունների արդյունքում կորսված կամ խեղված կյանքերը: Ինքս երկու դուստրերի հայր եմ ու ես չեմ կարող պատկերացնել այն ցավը, որ ապրել են բժշկություն ուսանող 23-ամյա Նիրբհայայի ծնողները, երբ իրենց դստերը Նյու Դելիի ավտոբուսում սպանեցին միայն նրա համար, որ կին էր, կամ այն ցասումը, որ ապրեցին պակիստանցի Մալալա Յուսաֆզայի ծնողները, երբ ծայրահեղականները կրակեցին իրենց դստերն այն բանի համար, որ նա ավտոբուս էր նստել և ուզում էր դպրոց գնալ: Ինձ սակայն ոգեշնչում է իր նպատակներին հասնելու Մալալայի ունեցած աներկբա հաստատակամությունը և Նիրբհայայի վճռականությունը, երբ մահվան ճիրաններում փորձում էր արդարադատության առաջ կանգնեցնել մարդասպաններին, և նրա հոր խիզախ պահվածքը, երբ նա իր դստեր ու բոլոր մյուս կանանց անունից բարձրաձայնեց խնդիրը:

Ոչ մի երկիր չի կարող առաջ շարժվել, եթե իր ազգաբնակչության կեսից ավելին անտեսված է: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները հավատացած է, որ բարեկեցության, կայունության և խաղաղության մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար հույժ կարևոր է գենդերային հավասարությունը, և այդ իսկ պատճառով կանանց և աղջիկներին ուղղված ներդրումները կարևոր են ԱՄՆ արտաքին քաղաքականությունն առաջ տանելու հարցում:

Մենք ներդրում ենք կատարում կանանց վերապատրաստման և խորհրդատվության ապահովման հարցում, որպեսզի կանայք ոտքի կանգնեն և իրենց հետ ոտքի կանգնեցնեն ոչ միայն իրենց ընտանիքներին, այլ նաև նպաստեն իրենց երկրի տնտեսական աճին: Մենք ներդրում ենք կատարում աղջիկների կրթության հարցում, որպեսզի նրանք կարողանան խուսափել պարտադրված մանկահասակ ամուսնություններից, որպեսզի աղքատությունը հաղթահարվի, և որպեսզի իրենց համայնքներում նրանք դառնան առաջնորդներ ու ակտիվ քաղաքացիներ: Կանանց և աղջիկների կրթական հնարավորությունների մեծացմամբ և նրանց համար ռեսուրսների հասանելիության ապահովմամբ բարելավվում են նաև հաջորդ սերնդի կրթության ու առողջության հետ կապված հարցեր:

Ամբողջ աշխարհի մեր գործընկերների հետ մենք աշխատում ենք մոր և մանկան առողջության պահպանման, գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց կարողությունների մեծացման, գենդերային բռնությունների կանխման ու վերացման ուղղությամբ, որովհետև ցանկացած հասարակություն շահում է, երբ կանայք առողջ են, ապահովված և իրենց առաջնորդական, մասնագիտական ձիրքերը և ստեղծագործ միտքը կարող են ծառայեցնել համաշխարհային տնտեսությանը: Ամերիկյան դիվանագետներն ամենուր աշխատում են կանանց ներգրավել խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված բանակցություններում, քանզի կանանց փորձառությունը, մտահոգություններն ու նկատառումները բանակցային սեղանին հասցնելը թույլ կտա կանխել հետագա հակամարտություններն ու կառուցել առավել տևական խաղաղություն:

Այսօր Կանանց միջազգային օրն է, այսօր տոն է: Այսօր այն օրն է, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է վերստին հանձնառություն ստանձնի վերացնելու անհավասարությունը, որը թույլ չի տալիս առաջընթաց երկրագնդի բոլոր անկյուններում: Մենք կարող ենք և մենք պետք է հավատարիմ մնանք այս հանձնառությանը, որպեսզի մեր դուստրերն առանց վախենալու նստեն դպրոցական ավտոբուս, մեր քույրերը կարողանան իրացնել իրենց հսկայական ներուժը, և յուրաքանչյուր կին և յուրաքանչյուր աղջիկ առավելագույնս դրսևորի իր ներուժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս