Վրաստանի կառավարությունը «մերոնք» են. Գագիկ Ծառուկյան
Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) քաղխորհրդի նիստ: Մամուլում այդ նիստի օրակարգի, քննարկումների կապակցությամբ տարբեր տեղեկություններ էին տարածվել: Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» ծրագրի շրջանակներում ռեպորտաժ էր պատրաստվել նիստի վերաբերյալ:
Ըստ ռեպորտաժի՝ հավաքական խորհրդի ընդլայնված նիստի առաջնահերթ օրակարգում կուսակցական աշխատանքի առավել ակտիվացումն ու երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրելու կոնկրետ ծրագրերն են եղել: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում նշել է, որ ժողովրդի վիճակը շատ ծանր է. «Մարդիկ իրենց աշխատանքով չեն կարողանում իրենց ընտանիքը նորմալ, բարեկեցիկ պահել, ոմանք հիասթափված, կոտրված, ընկճված և հուսախաբ, մարդիկ երկրից հեռանում են: Այսօր, ասենք թե, տարբեր սոցիալական ոլորտներ, ամեն օր՝ մի ակցիա, բողոքի ակցիա կատարելով, մի օր՝ վարսավիրները, մի օր՝ տաքսիստները, մի օր՝ փոքր կրպակների տերերը, ատամնաբույժները կամ ուսանողներն ինչ-որ բողոքի ակցիա են անում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով: Հիմնական մեր աշխատանքն է, որ հանդիպելով, լսելով, տեղեկանալով՝ կարողանանք քայլ կատարել, օգնել, խնդիրները կարգավորել, մատից փուշ հանել, որ մարդիկ իմանալով, մեզ վստահելով՝ ձայն են տվել, ու լիարժեք իմանալով, որ այդ ձայնը տեղ է հասնում, մարդիկ մտածում են, այդ հարցը քննարկում են և ներկայացնում են: Ժողովուրդը մեր թշնամին չէ, պետք է այդ հարցերը բարձրացվեն, որ դրանք լուծում ունենան: Մեր պետության խնդիրները մեր խնդիրներն են, ժողովրդի խնդիրները մեր խնդիրներն են, ու դրանից մենք հետ չենք կանգնում: Այնպես որ, մեր մոտեցումը դա է լինելու: Նորից եմ ասում՝ մենք քծնանքի, եթե որևիցե մեկը կա այստեղ, որ եկել է պաշտոն ստանալու այս ծրագրերից հետո, ուրեմն ինքը կարող է հենց հիմա դուրս գալ այստեղից: Այդպես հույսերը ինքը կտրի: Դուռը բաց է՝ կարող է գնալ: Չի կարող այդպիսի բան լինել: Այնպես որ, բոլորը իմանան, որ այս կուսակցությունը հիմնական ստեղծվել է դրա համար, որ, ասենք թե, կարողանանք օգնել, կարգավորել, լիարժեք մեր հնարավորության սահմանում կարողանանք այդ խնդիրները կարգավորենք, մարդիկ կարողանան զգալ, որ կա ուշադրություն, վերաբերմունք, իրեն մասին մտածող, իրենց խնդիրները լուծել»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին՝ նշել է, որ երկրի առջև կանգնած մարտահրավերները ձևակերպվել են օրենսդրական նախաձեռնությունների տեսքով և ներկայացվել կառավարությանը. «Ցավոք սրտի, այս պահի դրությամբ՝ այն հիմնարար նախագծերը, որոնք ներկայացրել ենք, բոլոր հիմնարար, ռազմավարական մեր նախագծերը, որոնք մեկ նպատակ ունեն՝ ուղղել փոքր և միջին ձեռներեցության մեջքը, կառավարությունը տվել է բացասական եզրակացություն: Հույս ունենանք, որ առաջիկայում կունենանք առավել ադեկվատ կառավարություն, և այս նախագծերը մենք նորից կդնենք շրջանառության մեջ»: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Նաիրա Զոհրաբյանին հորդորել է քվեարկել այնպես, ինչպես ցանկանում են, և ոչ թե քվեարկություններից առաջ զանգահարել և ճշտել՝ ինչպե՞ս քվեարկել. «Տիկի՛ն Զոհրաբյան, որ Դուք մեկ-մեկ զանգում եք, համապատասխան՝ պարո՛ն Ծառուկյան, ո՞նց քվեարկենք: Ուրեմն՝ ես բոլորիդ ներկայությամբ եմ ասում: Ամենակարևորն ինձ մի՛ հարցրեք: Կարևորը, տեսնելով՝ որն անհրաժեշտ է երկրին, ժողովրդին, այդպես էլ Դուք պետք է քվեարկեք, որովհետև մենք ոչ քծնելու, ոչ որևիցե արտոնություն ստանալու խնդիր չունենք՝ բոլոր կուսակցական ընկերներով իրար հետ վերցրած: Դուք քվեարկում եք այնպես, որ փողոց դուրս գալուց լիարժեք կարողանաք մարդկանց երեսին նայել և հպարտ քայլել, ոչ թե տեսնելուց պախկվել կամ վախենաք խորհրդարանի դռնից դուրս գաք»,- ասել է Գ. Ծառուկյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարևորել է արտաքին կապերի ամրապնդումը, միջկուսակցական հարաբերությունների ընդլայնումը: Գագիկ Ծառուկյանն, ի պատասխան՝ նշել է, որ կառույցը հիմնականում կապված է Ջավախքի հետ. «Ավելի ակտիվացնում ես, քանի որ այնտեղ կառավարությունն էլ արդեն մերոնք են եկել, ասեմ այդպես, ավելի կապերն ամրապնդի՛ր, կապեր, աշխատանք»:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը նիստի ընթացքում ասել է, որ ստեղծված իրավիճակում, իր կարծիքով, կուսակցությունը պետք է քաղաքական պայքարի մեջ մտնի՝ մրցելով և փորձելով հաղթել ՏԻՄ ընտրություններում՝ սկսած Երևանի ավագանու ընտրություններից: Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այդ հարցերն առաջիկայում կքննարկվեն: Պատգամավոր Վահե Հովհաննիսյանն առաջարկել է կուսակցության նախագահին կից խորհուրդ ստեղծել, որն արագ կարձագանքի քաղաքական իրադարձություններին և դրանց վերաբերյալ հրատապ որոշումներ կկայացնի:
Գագիկ Ծառուկյանը կարևորել է աջակցությունն այն երիտասարդներին, ովքեր ինքնադրսևորվելու հնարավորություն չունեն. «Մեր ապագան մեր երիտասարդներն են: Այսօր ամբողջ երկրում գիտեն, որ երիտասարդները մեր կողքին են: Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն: Երիտասարդներ, ովքեր նպատակ ունեն, ծրագիր ունեն, ուզում են իրականացնել, կյանքի կոչել: Մենք դրա կողմնակիցն ենք, որի համար մենք այդ բյուջեն ներկայացրել ենք: Ինչ որ մենք ասել ենք, մեր խոսքին տեր ենք, ոչ մի քայլ ետ չենք գնալու, այլ հիմնականում այդ ստեղծածը, այդ վստահությունը, հավատքը պահելու ենք-պահպանենք: Ինչ պահանջվում է մեզնից, ինչ մեզ ժողովուրդը մեզ վստահել, հավատացել, ձայն է տվել՝ մենք լիարժեք այդ վստահությունը պետք է իրականացնենք, կարողանանք ժողովրդի աչքերի մեջ նայենք, կողքը կանգնենք, և նրանք էլ հպարտանան, որ չեն սխալվել, որ ձայնը մեզ են տվել»,- եզրափակել է Գագիկ Ծառուկյանը:
Ռեպորտաժից հրապարակումը պատրաստեց
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ