«Երևանի ավագանիում ընդդիմադիր խմբակցության անհրաժեշտություն չկա»

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը դեռևս առաջարկ չի ստացել Երևանի ավագանու գալիք ընտրություններին մասնակցելու համար, սակայն ստանալու դեպքում այն չի մերժի: Մարտին Վարդազարյանը ճիշտ է համարում միայն ՀՀԿ-ի կողմից արված առաջարկի ընդունումը:

«Ինձ ժամանակին Երևանի ավագանու ընտրություններում մասնակցելու առաջարկ արվեց հանրապետականների կողմից, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանի, ում աշխատանքին ես ծանոթ էի դեռ այն ժամանակվանից, երբ նա Կենտրոնի թաղապետն էր: Ես համոզվեցի, որ նա նվիրյալ է թե՛ Երևանին, թե՛ հայ լինելուն, և, երբ նրա խմբի կողմից առաջարկ եղավ, ես նույնիսկ չէի մտածում, թե որ կուսակցությունն է, և իմ համաձայնությունը տվեցի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մ. Վարդազարյանը: Դիտարկմանը, թե հիմա ՀՀԿ-ի ցուցակը ոչ թե Գագիկ Բեգլարյանն է գլխավորում, այլ՝ Տարոն Մարգարյանը, Մ. Վարդազարյանը պատասխանեց. «Ընտրողների հետ Տարոն Մարգարյանի հենց առաջին հանդիպումներից ես համոզվեցի, որ նա արժանի զավակ է ոչ միայն իր ծնողին, այլև հայ ժողովրդին: Դա ես կարող եմ ասել առանց չափազանցություն, սա ամպագոռգոռ խոսք չհամարեք»:

Քանի որ Մարտին Վարդազարյանը շեշտեց, որ ինքը կուսակցական չէ, հետաքրքիր էր՝ արդյո՞ք այլ կուսակցությունների կողմից արված առաջարկները կընդունի. թե՞ ոչ: «Գիտեք, ես չեմ կարող դավաճանել այն ընկերներին, որոնց հետ արդեն մտերմացել եմ, անկախ նրանից, թե ինչ կուսակցության են նրանք պատկանում: Ես եկել եմ այն կուսակցության հետ, որն ինձ առաջարկել էր: Ի՞նչ եք կարծում՝ դա դավաճանության նման չի՞ լինի, որ վազեմ ուրիշ տեղ: Իմ ներքին պատկերացմամբ, դա ճիշտ չի լինի»,- նշեց կոմպոզիտորը: Նա իր կատարած աշխատանքը համարում է արդյունավետ, թեև կարծում է, որ անելիքները դեռ շատ են: Մ. Վարդազարյանն իր քառամյա աշխատանքի օրինակներից նշեց, մասնավորապես, մի քանի անվանի արվեստագետների հուշատախտակների տեղադրումը, շենքերի կամարների նկարազարդումները:

Չնայած այդ ընթացքում երեք քաղաքապետ է փոխվել, սակայն Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչը կարծում է, որ դրանից ավագանու աշխատանքի արդյունավետությունը չի նվազել: «Այն ծրագրերը, որոնք նախատեսվել էին Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման ժամանակ, շարունակվեցին նաև Կարեն Կարապետյանի օրոք, իսկ այժմ էլ լրացվում են: Երեք քաղաքապետերն էլ հանուն Երևանի էին աշխատում»,- ասաց Մարտին Վարդազարյանը: Նա համոզված է, որ ավագանու աշխատանքի արդյունավետության վրա չի ազդել անգամ այն հանգամանքը, որ բացակայում է որևէ ընդդիմադիր խմբակցություն: «Ավագանու աշխատանքների ժամանակ երբեք չի կարևորվել կուսակցական պատկանելությունը: Այստեղ Երևանին նվիրված մարդիկ են հավաքվել, դա հաստատ կարող եմ ասել: Ես նույնիսկ չգիտեմ՝ ով ինչ կուսակցության է պատկանում, բայց բոլորը Երևանին են ծառայում: Ընդդիմադիր խմբակցության անհրաժեշտությունը չկա, որովհետև, լինի դիմադիր թե ընդդիմադիր, շահագրգռվածությունը քաղաքին օգուտ բերելն է, այլ ոչ թե որևէ մեկին ընդդիմանալը»,- կարծում է Մ. Վարդազարյանը:

Նա ասաց, որ անկախ կուսակցական պատկանելությունից, անհրաժեշտության դեպքում իրենք՝ավագանու անդամները, կարող են ընդդիմանալ առաջարկվող նախագծին: Հարցին, թե մինչ օրս եղե՞լ է նման դեպք, որ քաղաքապետի առաջարկը մերժել եք, Մ. Վարդազարյանը պատասխանեց, թե եղել են դեպքեր, երբ հարցադրումների վերաճշտման համար իրենք ետ են վերադարձրել քննարկվող նախագծերը:

Տեսանյութեր

Լրահոս